
Մայիսի 9-ին Թբիլիսիի Նոդար Դումբաձեի անվան պատանի հանդիսատեսի թատրոնում տեղի ունեցավ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի, Շուշիի ազատագրման և ԼՂ պաշտպանության բանակի կազմավորման 20-րդ տարեդարձի եռատոնին նվիրված տոնական համերգ:
Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը, Հայ Առաքելական սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպս. Միրզախանյանը, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթյանը, դեսպանության աշխատակիցներ, հոգևոր դասի և հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:
Համերգի ընթացքում Մոնթե Մելքոնյանի ծննդյան 55-ամյակի կապակցությամբ հատվածներ ցուցադրվեցին արցախյան ազատամարտի հերոսին նվիրված վավերագրական ֆիլմից:
Ելույթ ունեցան «Հայարտուն» մշակութային կենտրոնի «Ջեյրան» պարի համույթը և Ներսես Շնորհալի երգչախումբը, ինչպես նաև Թբիլիսիի Վանք և Անի պարախմբերը: Հնչեցին ռազմահայրենասիրական երգեր։
Հայրենական Մեծ պատերազմի և Շուշիի ազատագրման վերաբերյալ դրվագներ ներկայացրեց պատմաբան Ենոք Թադևոսյանը: Վրաստանում ՀՀ դեսպանության ռազմական կցորդի կողմից «Ծովակալ Իսակով» հուշամեդալներ և դեսպանության պատվոգրեր հանձնվեցին Երկրորդ աշխարհամարտի վետերաններին և արցախյան հերոսամարտի մի շարք մասնակիցների:
Միջոցառման ընթացքում ուղիղ կապ հաստատվեց Ստեփանակերտում գտնվող արցախյան հերոսամարտի մասնակից, «Կարին» համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի և Արցախի մշակույթի նախարարության հրավերով Ստեփանակերտում գտնվող թբիլիսահայ մի խումբ երիտասարդների հետ:
Միջոցառումն իրականացվել է Վրաստանում ՀՀ դեսպանության, ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարությունների աջակցությամբ, Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հովանավորությամբ: