10 մայիսի 2012 - 17:02 AMT
ՀԿ-ները ոստիկանությունից պահանջում են պատասխանատվության ենթարկել DIY ակումբը պայթեցնողներին

Այսօր մի շարք ՀԿ-ներ հայտարարություն են տարածել, որտեղ ասվում է, որ մայսի 8-ին, առավոտյան ժամը 05:00-ի սահմաններում մի խումբ երիտասարդների կողմից պայթեցվել է Երևանում, Փարպեցի 14/11 հասցեում գտնվող DIY ակումբը: Ըստ տարածված լուրերի, այս նույն երիտասարդները նման քայլեր են կատարել նաև Երևանի այլ ակումբներում, որոնք ըստ իրենց` բազմազանության և բազմամշակութայնության կողմնակիցներ են: ՀԿ-ները մտահոգված են և դատապարտում են այն հանգամանքը, որ տվյալ երիտասարդները ներկայացնում են անհանդուրժողական և ֆաշիստական խմբավորում:

Հայտարարությունում նշվում է, որ դեպքի հետ կապված` ոստիկանությունը ցուցաբերել է ոչ հետևողական, անտարբեր մոտեցում հանցագործներին գտնելու և պատժելու գործում: Միայն շահագրգիռ անձանց ու կազմակերպությունների հետևողական ահազանգերի և հորդորների արդյունքում հնարավոր է եղել միջամտողական գործողությունների դրդել ոստիկանությանը:

Չնայած այն հանգամանքին, որ ոստիկանությունը ձերբակալել է հանցագործներից երկուսին, այս հարցի առնչությամբ ՀԿ-ները ոստիկանությունից պահանջում են ձեռնարկել համապատասխան միջոցառումներ, հայտնաբերել ու պատժել բոլոր հանցագործներին, ապահովել DIY ակումբի և նման հասարակական վայրերի տերերի և այցելուների անվտանգությունը, ապահովել վնասների պատշաճ հատուցումը: Հայտարարությունում նաև նշված է, որ ոստիկանության մոտ առկա են հանցագործության մասին վկայող փաստեր, որի հիման վրա նրանք պարտավոր են իրականացնել անհապաղ գործողություններ և պատասխանատվության ենթարկել հանցագործներին: