10 մայիսի 2012 - 17:47 AMT
Sukhoi SuperJet-100-ի վթարից զոհվածների մարմինների տարհանումը կսկսվի միայն մայիսի 11-ի առավոտյան

Փրկարարների թիմն Ինդոնեզիայի Ճավա կղզու Սալաք քաղաքի շրջանում Sukhoi SuperJet-100 ինքնաթիռի վթարի արդյունքում մահացածների մարմինների տարհանումը կսկսի միայն մայիսի 11-ի առավոտյան: Այդ մասին հայտարարել է Ինդոնեզիայի Ազգային որոնողական-փրկարարական գործակալության համակարգող Կետուտ Պուրվան:

«Մենք պլանավորում ենք ուրբաթ օրը ձեռքով կատարել մարմինների տարհանումը: Դա շատ ժամանակ կխլի, քանի որ զոհերի թիվը հասնում է 50-ի»,- ասել է գործակալության համակարգողը:

Ինդոնեզիայի տրանսպորտի նախարարության ներկայացուցիչ Բամբանգ Էվիանը հաղորդել է, որ գրեթե շանսեր չկան, որ ավիավթարում փրկվածներ կան:

Ինքնաթիռն անհետացել է ռադարների էկրանից 21 րոպե անց այն բանից հետո, երբ նախօրեին այն ցուցադրական թռիչք է կատարել Ջակարտայի օդանավակայանից: Դրա բեկորները նկատվել են այսօր փրկարարական ուղղաթիռի կողմից Սալաք լեռան լանջին, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: