10 մայիսի 2012 - 19:26 AMT
ԿԸՀ-ն վարչական պատասխանատվության կկանչի Գոհար Վեզիրյանին ու Անուշավան Նիկողոսյանին

ՀՀ ԱԺ ընտրություններին մեծամասնական ընտրակարգով մասնակցած թեկնածուները մայիսի 10-ին ԿԸՀ են ներկայացրել եզրափակիչ երրորդ հայտարարագրերը :

Ինչպես հայտնել է ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ հանձնաժողովի ղեկավար Սևակ Հովհաննիսյանը, թիվ 41 ընտրատեղամասերում իրենց թեկնածություններն էին առաջադրել 155 թեկնածուներ, որոնինց 18 ինքնաբացարկ հայտնեցին:

Մյուս 137 թեկնածուներից 126-ը նախընտրական հիմնադրամներ են բացել, որից 124 ներկայացրել են իրենց հայտարարագրերը, բացառությամբ 2-ի՝ Գոհար Վեզիրյանի (թիվ 12 ընտրատեղամաս) և Անուշավան Նիկողոսյանի (թիվ 32 ընտրատեղամաս):

Հովհաննիսյանը հայտնել է, որ ընտրական օրենսգրքի խախտման համար ԿԸՀ-ն դիմել է առաջին ատյանի դատարան վարչական պատասխանատվության կանչելու համար, տուգանքը կարող է կազմել նվազագույն աշխատավարձի 100-200-պատիկը: Ընդ որում, նա նշել է, որ Վեզիրյանը իրազեկվել է, իսկ Նիկողոսյանի հետ չի հաջողվել կապ հաստատել:

Հովհաննիսյանը հայտնել է նաև, որ 79 նախընտրական հիմնադրամներում դեռ մնում են չծախսված միջոցներ, որոնք թեկնածուները կարող են օգտագործել բացառապես բարեգործական նպատակներով: Նա հավելել է, որ թեկնածուներից ոչ ոք օրենքով սահմանված գումարը՝ 10 մլն դրամը, չի գերազանցել: «Այդ մասին են վկայում բանկային փաստաթղթերը»,-ասել է նա:

ԿԸՀ անդամն ասել է, որ եղել են թեկնածուներ, որոնք նախընտրական հիմնադրամներ են բացել, սակայն չեն ծախսել ներդրված գումարները: