5 հունիսի 2004 - 19:30 AMT
ԵԱՀԿ-Ն ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԻ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՈՒՄԸ
Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) գոհունակությամբ է ընդունել Հայաստանի «Հանրապետություն» ընդդիմադիր կուսակցության անդամներ Արամազդ Զաքարյանին եւ Ժորա Սափեյանին բանտից ազատ արձակելու եւ նրանց վրայից մեղադրանքը հանելու մասին տեղեկությունը: Այդ մասին ասվում է Երեւանում ԵԱՀԿ բյուրոյի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինի հայտարարությունում` հրապարակված նախօրեին ԵԱՀԿ քարտուղարության կողմից Վիենայում: ԵԱՀԿ նաեւ գոհունակություն է հայտնում հայկական իշխանությունների գործողությունների առնչությամբ, որոնք քաղաքից չհեռանալու պայմանով ազատ են արձակել նույն կուսակցության բյուրոյի անդամ Սուրեն Սուրենյանցին, եւ հույս է հայտնում, որ հետաքննությունը նրա հանդեպ կդադարեցվի: Պրյախինի խոսքերով` «ԵԱՀԿ հույս ունի, որ հայկական իշխանությունների այդ քայլը կօժանդակի ընդդիմության եւ կառավարող կոալիցիայի միջեւ քաղաքական երկխոսության ակտիվացմանը եւ իր ավանդը կներդնի այդ երկրում կայունության ձեռքբերման գործում»: Միեւնույն ժամանակ, ԵԱՀԿ առաքելության ղեկավարը ափսոսանք է հայտնել ժողովվելու ազատության եւ իր միտքն արտահայտելու հարցում մարդու իրավունքների սահմանափակման կապակցությամբ, որը մինչեւ այժմ կա Հայաստանում` «պետությունում, որը ստորագրել է ԵԱՀԿ հիմնական դրույթները եւ Ստամբուլյան խարտիան»: Նա ընդգծել է, որ ԵԱՀԿ բյուրոն մտադիր է շարունակել Հայաստանում քաղաքական իրադարձությունների մանրակրկիտ մոնիտորինգը եւ աջակցել երկրում ժողովրդավարական գործընթացներին: