10 մայիսի 2012 - 19:18 AMT
Ոստիկանությունը տեղեկություններ է հայտնել Մաշտոցի պուրակի դեպքերի նախաքննության ընթացքի մասին

2012 թվականի մայիսի 3-ին ՀՀ ոստիկանությունը հայտարարարել էր, որ ապրիլի 29-ին Երևանի Մաշտոցի պուրակում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում առանձին անձանց գործողություններին նախնական իրավական գնահատական տալու նպատակով իրականացվում են ՀՀ օրենսդրությամբ նախատեսված մի շարք դատավարական գործողություններ:

Հաշվի առնելով նշված իրավական գործընթացի թափանցիկությունն ապահովելու կարևորությունը, ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ արձանագրված փաստերի կապակցությամբ ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, ի թիվս արդեն նշանակված մեկ տասնյակից ավելի դատաբժշկական փորձաքննությունների, բացատրություններ են վերցվել դեպքի անմիջական մասնակիցներից, ստացվել և ուսումնասիրվել են այդ օրվա իրադարձությունները վերարտադրող տեսաձայնագրությունները, ինչպես նաև վարույթի համար անհրաժեշտ փաստաթղթեր և այլ նյութեր:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ձեռք բերված տեղեկությունների վերլուծության և գնահատման արդյունքում 2012 թվականի մայիսի 8-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Կենտրոնականի քննչական բաժնում որոշում է կայացվել նույն թվականի ապրիլի 29-ին մի խումբ անձանց կողմից իշխանության ներկայացուցիչներ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին:

Հետագայում ևս ՀՀ ոստիկանությունը պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի նախաքննության ընթացքի և միջանկյալ արդյունքների մասին: