10 մայիսի 2012 - 19:20 AMT
Պետրոս Ղազարյան. «Կենտրոնի» եթերում քարոզչություն եւ հակաքարոզչություն չի եղել

«Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ եւ վարող Պետրոս Ղազարյանն այսօր իր ֆեսբուքյան էջում գրել է, որ մայիսի 5–ին և 6–ին «Կենտնրոն» հեռուստաընկերության եթերում քարոզչություն և հակաքարոզչություն չի եղել:

«Պարզապես մայիսի 6 ին մենք Լևոն Տեր-Պետրոսյանի և Լևոն Զուրաբյանի ասուլիսները լուսաբանել ենք ուղիղ եթերով, որի ժամանակ Լևոն Զուրաբյանը քաղաքական կոչ է արել: Բայց ես ուրախ եմ, որ պատկան մարմինները գտան 2012– ի ընտրությունների գլխավոր ընտրախախտումը։ Իսկ թե ինչու՞ Ամալյանի հանձնաժողովը չէր նկատում ասենք 2008 ի ընտրությունների ժամանակ ակնհայտ հակաքարոզչությունը, հարցի պատասխանը գտնելու համար ես հարգարժան պարոն Ամալյանին հրավիում եմ ուղիղ եթեր»,–գրել է լրագրողը։

Մայիսի 11-ին ժամը 12:00-ին, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը հրավիրել է նիստ, որի օրակարգում ընդգրկված է «Կենտրոն» հեռուստաընկերութանը «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի 60-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն վարչական պատասխանատվության ենթարկելու մասին հարցը: