10 մայիսի 2012 - 19:23 AMT
Հացադուլ անող Արտավազդ Վարդանյանին կրկին թույլ չեն տալիս վրան տեղադրել

Դեռևս 8 օր առաջ ԿԸՀ-ի առջև այլընտրանքային ընտրությունների պահանջով հացադուլ հայտարարած Արտավազդ Վարդանյանը քիչ առաջ ցանկանում էր հացադուլի վայրում վրան տեղադրել, սակայն նրան մոտեցել են ոստիկանները և թույլ չեն տվել: Գևորգ Սաֆարյանը, ով օգնում էր Արտավազդ Վարդանյանին վրան տեղադրել, փորձել է ոստիկաններից ճշտել` ինչու են խոչընդոտում վրանի տեղադրմանը: Ոստիկանները պատասխանել են, որ կգա իրենց վերադասը և կպատասխանի, թե ինչի հիման վրա թույլ չեն տալիս վրան տեղադրել:

Դեպքի վայր է եկել փոխգնդապետ Արմեն Սահակյանը, նա նշել է, թե վրանի տեղադրման համար անհրաժեշտ է քաղաքապետարանի թույլտվությունը:

Իսկ Արտավազդ Վարդանյանի և Գևորգ Սաֆարյանի հարցին, թե կոնկրետ ո՞ր օրենքը չի թույլատրում վրան տեղադրել, փոխգնդապետն ասել է, որ դիմեն «1-02», այնտեղ կտան իրենց հարցի սպառիչ պատասխանը և, որ ինքը պարտավոր չէ օրենսգիրքն իր հետ ման տալ:

Հացադուլի վայր ժամանած շտապ օգնության բժիշկ Ալբերտ Երանոսյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին ասել է, որ Արտավազդ Վարդանյանի առողջական վիճակը գնահատվում է նորմալ, և նրա առողջությանը սպառնացող վտանգ չկա:

Գևորգ Սաֆարյանը նշել է, որ այժմ իրենք սպասում են Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին. «Այնուամենայնիվ, ոչ մի օրենք չի կարող արգելել մարդուն պաշտպանել իր հիմնարար իրավունքները, իսկ առողջությունը մարդու հիմնարար իրավունքներից մեկն է»: