11 մայիսի 2012 - 17:42 AMT
Որտե՞ղ կնշվի Գայանե Խաչատուրյանի 70-ամյակը

Մշակույթի նախարարությունը քննարկում է Գայանե Խաչատուրյանի ծննդյան 70-ամյակին նվիրված միջոցառման ձևաչափը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Նրա խոսքով, նախարարությունը բանակցում է «Գայանե Խաչատուրյան» միջազգային հիմնադրամի հետ, միջոցառումն ավելի հետաքրքիր դարձնելու համար: Պողոսյանը նշեց, որ 2 տարի առաջ Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց Խաչատուրյանի նկարների ցուցահանդեսը և նրանք չեն ցանկանում կրկնվել՝ նմանատիպ ցուցահանդես կազմակերպելով:

Պողոսյանի խոսքով, հնարավոր է, միջոցառումը կազմակերպվի նկարչուհու ծննդավայրում` Թբիլիսիում: Նախարարը կոնկրետ ժամկետ չնշեց, բայց ասաց, որ այն դժվար տեղի ունենա այս տարի:

Գայանե Լևոնի Խաչատուրյանը (1942-2009) թթ. ողջ կյանքն անցկացրել է Թբիլիսիում: Շուրջ 700 գեղանկարների և գրաֆիկական աշխատանքների հեղինակ է: Նկարչուհին իր ողջ կյանքում ապրել է աղքատության մեջ, ունեցած գումարով էլ օգնել է Թբիլիսիի հայկական թատրոնին: Գայանե Խաչատուրյանը մահացել է 2009-ին Թբիլիսիի հիվանդանոցներից մեկում: Նրա աճյունը հանգչում է Թբիլիսիում, Հայ գրողների և հասարակական գործիչների` Խոջիվանքի պանթեոնում:

Նկարչուհու աշխատանքները հիացրել են ամբողջ աշխարհի արվեստասերներին: Նրա արվեստի երկրպագուներն են դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը, Ջոն Լենոնի այրի Յոկո Օնոն, մոդելավորող Իվ Սեն-Լորանը: Նրան մեծարել է ռեժիսոր Անդրեյ Տարկովսկին: Նրան այժմ դասում են Ֆրիդա Կալոյի և Մարկ Շագալի շարքին: