Էդվարդ Նալբանդյանին հրավիրել են Նոր Զելանդիա

Էդվարդ Նալբանդյանին հրավիրել են Նոր Զելանդիա

PanARMENIAN.Net - Մայիսի 9-10-ը Եգիպտոսի Շարմ էլ-Շեյխ քաղաքում կայացած Չմիավորված երկրների շարժման անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպման շրջանակներում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը տասնչորս հանդիպում ունեցավ տարբեր երկրներից իր գործընկերների հետ:

Էդվարդ Նալբանդյանի և Ինդոնեզիայի ԱԳ նախարար Մարտի Նատալեվայի հետ հանդիպման ժամանակ քննարկվեցին արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների անցկացման, տնտեսական համագործակցությունը խթանելու նպատակով իրավապայմանագրային դաշտի ձևավորման հարցերը: Նախարար Նալբանդյանն իր ինդոնեզացի գործընկերոջը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Այդ առումով Մարտի Նատալեվան ընդգծեց, որ Ինդոնեզիան մշտապես սատարել է բոլոր վիճելի հարցերի բանակցային խաղաղ կարգավորմանը, և գտնում է, որ առկա հիմնախնդիրները պետք է լուծում ստանան միջազգային իրավունքի դրույթների հիման վրա:

Միջազգային կազմակերպություններում համագործակցության հարցերին էր նվիրված Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի և Նոր Զելանդիայի ԱԳ նախարար Մյուռեյ ՄքՔալիի հանդիպումը: Երկկողմ հարաբերություններին խթան հաղորդելու նպատակով նախարար ՄքՔալին իր հայաստանյան գործընկերոջը հրավիրեց այցելել Վելինգտոն: Մյանմարի ԱԳ նախարար Ուննա Մոնգ Լվինի հետ Էդվարդ Նալբանդյանի հանդիպման հիմնական քննակման առարկան էր երկու երկրների միջև հարաբերությունների ձևավորումը: Նախարարները պայմանավորվեցին սկսել դիվանագիտական հարաբերությունների հաստատման գործընթացը: Մյանմարի ԱԳ նախարարն ասաց, որ հայերի ներկայությունն իր երկրում մի քանի հարյուրամյակների պատմություն ունի և դա լավ հիմքեր է ստեղծում երկու երկրների հարաբերությունների զարգացման համար:

Էդվարդ Նալբանդյանի խնդրանքով Մյանմարի ԱԳ նախարարը ներկայացրեց իր երկրում տեղի ունեցող զարգացումները, ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը:

Շարմ էլ-Շեյխում Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Ավստրալիայի վարչապետի հատուկ բանագնաց Ջոաննա Հևիթին: Զրուցակիցներն անդրադարձան հայ-ավստրալական հարաբերությունների զարգացման ուղիներին և միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---