11 մայիսի 2012 - 18:10 AMT
Հայաստանն ու Կամերունը համատեղության կարգով դեսպաններ կհավատարմագրեն

Մայիսի 9-10-ը Եգիպտոսի Շարմ էլ-Շեյխ քաղաքում կայացած Չմիավորված երկրների շարժման անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպման շրջանակներում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը տասնչորս հանդիպում ունեցավ տարբեր երկրներից իր գործընկերների հետ:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, Կամերունի ԱԳ նախարար Պյեռ Մբոնջոյի հետ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց համատեղության կարգով դեսպաններ հավատարմագրել միմյանց մայրաքաղաքներում և ուսումնասիրել երկկողմ հարաբերությունների զարգացման, իրավապայմանագրային դաշտի ձևավորման ուղիները, ընդլայնել համագործակցությունը միջազգային կազմակերպությունների, Կուբայի արտգործնախարար Բրունո Էդուարդո Ռոդրիգես Պարիլյայի հետ Էդվարդ Նալբանդյանի հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվեց համագործակցության խթանման նպատակով գործնական քայլերի իրականացումը, մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային հարցերի շուրջ:

Զամբիայի ԱԳ նախարար Գիվեն Լուբինդայի ու Էդվարդ Նալբանդյանի զրույցի ընթացքում անդրադարձ արվեց երկկողմ հարաբերությունների խթանման հարցերին, ինչպես նաև Աֆրիկյան մայրցամաքում ընթացող գործընթացներին:

Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ նաև Թունիսի արտգործնախարար Ռաֆիկ Աբդեսալեմի հետ: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին քաղաքական երկխոսության ակտիվացման, արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացման, իրավապայմանագրային դաշտի ձևավորման, տուրիզմի բնագավառում համագործակցության, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման շուրջ:

Մայիսի 10-ի երեկոյան Էդվարդ Նալբանդյանը Շարմ էլ-Շեյխից մեկնեց Կահիրե, ուր հանդիպում ունեցավ եգիպտահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ժամանակ Հայաստանի նախարարը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության բնագավառի վերջին զարգացումները, Հայրենիքում իրականացվող բարեփոխումները, անցյալ շաբաթ կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները: