11 մայիսի 2012 - 18:31 AMT
Ամալյանը կընդունի Պետրոս Ղազարյանի հրավերը, եթե նա 2008թ. հակաքարոզչության փաստեր ներկայացնի

ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը պատրաստ է ընդունել «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ, վարող Պետրոս Ղազարյանի ուղիղ եթերի մասնակցելու հրավերը, եթե հաղորդավարը ներկայացնի 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ իրականացրած հակաքարոզչության փաստական հիմքեր: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է ասել ՀՌԱՀ տեղեկատվության և արտաքին կապերի առաջատար մասնագետ Գոհար Դարբինյանը։ Գոհար Դարբինյանը նշեց նաեւ, որ Պետրոս Ղազարյանի կողմից ուղիղ եթերի հրավերի մասին ՀՌԱՀ նախագահը տեղեկացել է հաղորդավարի ֆեյսբուքյան էջից, Ղազարյանն անձամբ Ամալյանին հեռախոսազանգով կամ որևէ այլ կերպ հրավեր չի ուղղել:

Այսօր «Կենտրոն» hեռուստաընկերությունը Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից տուգանվեց 1մլն դրամով ընտրությունների օրը քարոզչություն իրականացնելու համար։

Սակայն երեկ` մայիսի 10-ին, Պետրոս Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն էր տեղադրել, որտեղ ասվում էր, որ մայիսի 5-ին և 6-ին մինչև ժամը 20.00-ն «Կենտնրոն» հեռուստատեսության եթերում «քարոզչություն և հակաքարոզչություն չի եղել: «Պարզապես մայիսի 5-ին եւ 6-ին մենք Լևոն Տեր-Պետրոսյանի և Լևոն Զուրաբյանի ասուլիսները լուսաբանել ենք ուղիղ եթերի ռեժիմով, որի ժամանակ Լևոն Զուրաբյանը քաղաքական կոչ է արել: Բայց ես ուրախ եմ, որ պատկան մարմինները գտան 2012-ի ընտրությունների գլխավոր ընտրախախտումը: Իսկ թե ինչու Ամալյանի հանձնաժողովը չէր նկատում, ասենք, 2008-ի ընտրությունների ժամանակ ակընհայտ հակաքարոզչությունը հարցի պատասխանը գտնելու համար ես հարգարժան պարոն Ամալյանին հրավիում եմ ուղիղ եթեր»,–գրել էր լրագրողը։