
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ մարզպետների մասնակցությամբ այսօր կայացած հերթական խորհրդակցության ընթացքում ներկայացվել են համայնքների սեփական եկամուտների հավաքագրման 2012թ. առաջին չորս ամիսների ցուցանիշները: Տեղեկացվել է, որ սեփական եկամուտների կատարողականը կազմել է 88,7 տոկոս:
Այս մասին հաղորդում է ՀՀ ՏԿՆ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Փոխվարչապետը մարզպետներին հորդորել է ուշադրության կենտրոնում պահել հավաքագրումների գործընթացը` նկատելով, որ վարչարարության կատարելագործմանն ուղղված քայլերը և տեղական հարկերի մասին օրենսդրական վերջին նախաձեռնության նպատակը ընթացիկ բյուջեների կատարումն ու նոր ապառքներ չկուտակելն է:
Քննարկվել են մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երկրորդ մասի ընթացքին վերաբերող հարցեր: Զեկուցվել է, որ բոլոր մարզերում աշխատանքները լայն թափով կատարվում են համաձայն ժամանակացույցի, կատարողականը կազմում է մոտ 76 տոկոս: Նախատեսվում է իրականացնել նմանատիպ երրորդ ծրագիրը, և մարզպետներին հանձնարարվել է ներկայացնել հայտերի նախագծերը: Փոխվարչապետն առաջարկել է նաև արդեն կազմել 2013թ. բյուջետային հայտերը:
Փոխվարչապետն անդրադարձել է նաև ոռոգման ջրամատակարարման խնդրին` մարզպետներին հորդորելովհետևել, որպեսզի ջրային պաշարներն օգտագործվեն արդյունավետ և բացառապես ոռոգման նպատակով:
Զեկուցվել է հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութ և դիզելային վառելիք տրամադրելու պետական ծրագրերի ընթացքի մասին: Անդրադարձ է կատարվել նաև մարզերում ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրման և միասնական ընդունարանների տեղակայման համար անհրաժեշտ շենքային պայմանների հատկացման գործընթացի մասին::
Մարզպետներին հանձնարարվել է մինչ նոր ուսումնական տարվա մեկնարկը հստակեցնել դպրոցներում աշխատավարձի ֆոնդի հետ կապված խնդիրները:
Խորհրդակցությանը ներկայացվել է վերլուծություն` համայնքային ծառայողների և ՀՈԱԿ-ների աշխատակիցներին ևս սոցիալական փաթեթի ծրագրում ընդգրկելու հնարավորությունների վերաբերյալ: