11 մայիսի 2012 - 21:35 AMT
Եվրահանձնաժողովը կհրապարակի ամենամյա զեկույց` նվիրված Հարևանության քաղաքականության երկրների հետ համագործակցության առաջընթացին

Մայիսի 15-ին Եվրահանձնաժողովը կհրապարակի ամենամյա զեկույց` նվիրված Եվրոպական հարևանության քաղաքականության ծրագրում ներառված 12 պետությունների հետ համագործակցության ոլորտում առաջընթացին:

Ինչպես նշվում է «Europolitics» կայքում, նոր փաթեթը բաղկացած է 19 փաստաթղթերից, որոնց թվում` «Արևելյան համագարոծակցության» և «Համագործակցություն հանուն ժողովրդավարության և համընդհանուր բարգավաճման» 2011թ ծրագրերին առնչվող 2 զեկույցներ և վիճակագրական վերլուծություն: Զեկույցում առկա են նաև համագործակցության զարգացման վերաբերյալ որոշ առաջարկներ:

Եվրոպական հարևանության քաղաքականության ծրագրում ներառված երկրներում բարեփոխումների կարիք կա հետևյալ ոլորտներում` դատական, գերագույն օրենքի, կաշառակերության դեմ պայքարի, փոքրամասնությունների նկատմամբ հարգանքի: Եվրահանձնաժողովի զեկույցում կարտացոլվեն այդ ոլորտներում իրավիճակի բաերլավմանն ուղղված հանձնարարություններ:

Եվրոպական հարևանության քաղաքականությունը ԵՄ նոր մոտեցում է հարևան երկրներին, որի նպատակն է ԵՄ և նրա հարևան պետությունների միջև հարաբերությունների ամրապնդումը, անվտանգության և բարեկեցության շրջանների ստեղծման հարցում համագործակցությունը: ԵՀՔ կոչված է նաև ԵՄ հարևան պետություններին հնարավորություն ընձեռել ԵՄ հետ ավելի սերտորեն համագործակցել քաղաքականության, անվտանգության, տնտեսության և մշակույթի ոլորտներում: