12 մայիսի 2012 - 11:17 AMT
Բյուրականի աստղադիտարանում դպրոցականները մասնակցել են հանրապետական աստղագիտական օլիմպիադային

Բյուրականի աստղադիտարանում մայիսի 11-ին անցկացվել է դպրոցականների աստղագիտական օլիմպիադայի եզրափակիչ` հանրապետական փուլը, որին մասնակցել են 25 աշակերտ Երևանից, Կոտայքի և Շիրակի մարզերից, այդ թվում` 2010 և 2011 թթ. միջազգային աստղագիտական օլիմպիադաների մրցանակակիրներ։

Օլիմպիադային առաջադրված էր 5 խնդիր երկնային մեխանիկայից, աստղաչափությունից և ճառագայթման տեսությունից: Լավագույն արդյունքներ ցույց են տվել Երևանի ֆիզ.-մաթ. դպրոցի, «Քվանտ» վարժարանի, Հայկական պետական ճարտարագիտական համալսարանի հենակետային վարժարանի և Անանիա Շիրակացու անվան ճեմարանի սաները:

Օլիմպիադան միաժամանակ ընտրական փուլ էր աստղագիտության միջազգային օլիմպիադայի համար, որն այս տարի կկայանա հոկտեմբերի 16-24-ին Հարավային Կորեայի Գվանջու քաղաքում:

Հայ պատանիները գերազանց ավանդույթներ ունեն միջազգային օլիմպիադաներում՝ ընդհանուր առմամբ նվաճել են 7 ոսկե, 4 արծաթե և 13 բրոնզե մեդալ և թիմային հաշվարկով հանդես եկել լավագույն հավաքականներից մեկը օլիմպիադաների 16-ամյա պատմության ընթացքում: