14 մայիսի 2012 - 11:47 AMT
Դան Պետրեսկուն կշարունակի մարզել Մարկոս Պիզելլիի թիմը

«Կուբանի» գլխավոր մարզիչ Դան Պետրեսկուն հայտարարել է, որ չի ծրագրում տեղափոխվել Մոսկվայի ԲԿՄԱ:

Կրասնոդարի թիմը, որտեղ հանդես է գալիս Մարկոս Պիզելլին, 2011/12 խաղաշրջանի արդյունքներով զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը: Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ ԲԿՄԱ-ն հետաքրքրված է ռումինացի մարզչով, քանի որ, ամենայն հավանականությամբ կհրաժարվի Լեոնիդ Սլուցկուց:

«Եթե տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ ինձանով հետաքրքրվում է բանակային ակումբ, նշանակում է, որ ես ինչ-որ բան ճիշտ եմ անում: Սակայն կընդգծեմ, որ «Կուբանի» հետ 3-ամյա գործող պայմանագիր ունեմ: Իմ բոլոր ծրագրերը կապված են Կրասնոդարի թիմի հետ»,-ասել է Պետրեսկուն:

Մարզիչն ընդգծել է, որ 2011/12 խաղաշրջանում թիմի վերջնական արդյունքի վրա ազդել է ֆուտբոլիստների փորձի պակասը: