14 մայիսի 2012 - 11:20 AMT
Արտավազդ Վարդանյանը դադարեցրել է հացադուլը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առջև շուրջ 13 օր հացադուլ հայտարարած մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրման խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախկին անդամ Արտավազդ Վարդանյանը դադարեցրել է հացադուլը։

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Վարդանյանն ասաց, որ իր առողջական վիճակը նորմալ է և նա հացադուլը դադարեցրել է իր ընկերների պահանջով. «Ընկերներս ինձ ասացին, որ իմ առջև դրված խնդիրն արդեն լուծված է։ Չնայած ես ուզում էի դեռ շարունակել և էլի ինչ-որ բաներ անել. փորձել նորից վրան դնել։ Ի վերջո պետք էր «Բազազին»` փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանին ցույց տալ, որ այս երկրում օրենքը հաղթելու է, բայց տղաներն ասացին՝ բավական է, դրա համար ես հանձնվեցի։ Ոչ թե հանձնվեցի իշխանությունների հորդորին, այլ ընկերներիս»,–ասաց Արտավազդ Վարդանյանը։

Մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրման խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախկին անդամը նաև նշեց, որ այս փուլում կկազմակերպվեն քննարկումներ իր ներկայացրած պահանջի` այընտրանքային ընտրությունների անցկացման հետ կապված։

Արտավազդ Վարդանյանը հացադուլ էր հայտարարել դեռևս մայիսի սկզբից և բողոքում է Հայաստանում ընտրությունների կարգի դեմ՝ առաջարկելով այլընտրանքային ընտրություններ։

Երեկ «Սարդարապատ» շարժումը կոչ էր արել Վարդանյանին դադարեցնել հացադուլը։