14 մայիսի 2012 - 15:52 AMT
ԵԱՀԿ ՄԽ-ն մտահոգ է «վերջին միջադեպերով» շփման գծում, սակայն կոչ է անում ձեռնպահ մնալ պատասխանից

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Ժակ Ֆորը (Ֆրանսիա) հանդես են եկել հայտարարությամբ մայիսի 11-14 Երևան և Բաքու այցելությունների և ՀՀ ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հետ հանդիպումների ավարտին: Հայտարարության մեջ, մասնավորապես ասվում է. «Համանախագահները շարունակել են քննարկել հունվարի 23-ին Սոչիում նախագահներ Սարգսյանի ու Ալիևի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն առնչվող հարցր, որոնք ուղղված էին խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքների պահպանման, հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմի մշակմանը և հումանիտար կապերի հաստատմանը:

Համանախագահները մտահոգություն են հայտնել շփման գծում արձանագրված վերջին դեպքերի առնչությամբ և կոչ են արել կողմերին զսպվածություն ցուցաբերել և պատասխան քայլեր չձեռնարկել: Համանախագահները ողջունում են այն, որ կողմերը հաստատել են հավատարմությունը խնդրի խաղաղ կարգավորմանը:

Համանախագահները կողմերի հետ քննարկել են նաև զինված ուժերի ու խաղաղ բնակչության ներկայացուցիչների միջև վստահության հաստատմանն ուղղված միջոցները, այդ թվում 1994թ. գործող հրադադարի ռեժիմի պահպանման համար: Բացի այդ, համանախագահները քննարկել են հայկական և ադրբեջանական մշակութային ու պատմական արժեքների պահպանման անհրաժեշտությունը մինչ կայուն խաղաղության հաստատումը:

Համանախագահները մտադիր են շարունակել քննարկումները երկու երկրների ԱԳ նախարարների միջև առաջիկայում»:

Ապրիլի 25-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիս-արևելյան հատվածում արձանագրվել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպք: Ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրազենային զենքերից գնդակոծվել էին Տավուշի մարզի Դովեղ գյուղի պաշտպանական դիրքերը, կրակոցներ էին արձակվել գյուղի ուղղությամբ: Վնասվել էր գյուղի մանկապարտեզը և մանկապարտեզի մոտ կայանած «Գազ 53» մակնիշի ավտոմեքենան:

Անվտանգության նկատառումներից ելնելով`մանկապարտեզի սաները և անձնակազմը տարհանվել էին: ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած համապատասխան միջոցառումների արդյունքում հակառակորդը լռել էր: Հայկական կողմից տուժածներ և վիրավորներ չկային:

Ապրիլի 27-ին՝ ժամը 04:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ Տավուշի մարզի Այգեպար-Մովսես գյուղերի միջև ընկած ճանապարահատվածում ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողներից մեկին պատկանող «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով երթևեկելիս հրազենային մարմնական վնասվածքներ են ստացել վարորդը և ևս երկու պայմանագրային զինծառայողներ: Երեք զինծառայողներից ոչ մեկի կյանքը հնարավոր չի եղել փրկել:

Ապրիլի 30-ի գիշերը հրադադարը կրկին խախտվել է ադրբեջանցիների կողմից: Հայկական կողմից տուժածներ ու վիրավորներ չեն եղել: