11 հունիսի 2004 - 23:38 AMT
ՔԵՐՐԻԻ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ, ԱՄՆ ԿՃԱՆԱՉԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԳՏՆՈՒՄ Է ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՆԵՐԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՂԵԿԱՎԱՐԸ
ԱՄՆ նախագահի պաշտոնում Ջոն Քերրիի ընտրության դեպքում Կոնգրեսը կճանաչի հայոց ցեղասպանությունը: Այդպիսի կարծիք է Բաքվի «525-րդ» թերթին հայտնել Թուրքական ասոցիացիաների ամերիկյան վեհաժողովի (ԹԱԱՎ) նախագահ Էրջումենթ Քիլիչը: «Ոմանք հայտարարում են, որ դրանք միայն նախընտրական խոստումներ են, որոնք բաժանում են բոլոր թեկնածուները, սակայն ես ասում եմ, որ Քերրիի հետ կապված իրավիճակն այլ է, նա Մասաչուսեթս նահանգից է, որտեղ կա թուրքերի նկատմամբ ատելությամբ առանձնացող բազմանդամ հայկական համայնք», - ասել է Քիլիչը: Այդ իսկ պատճառով, նրա խոսքերով, այդ նահանգի կոնգրեսականները հետեւում են այդ քաղաքականությանը: Ելնելով դրանից, ԹԱԱՎ-ի նախագահը 95 տոկոսով վստահ է, որ Ջոն Քերրին կճանաչի հայոց ցեղասպանությունը: Ինչ վերաբերում է նրան, թե ում իրենց ձայները կտան Ամերիկայի թուրքերը, ապա, ինչպես նշել է Է.Քիլիչը, իր գլխավորած կազմակերպությունը քաղաքական չէ, ուստի ինքը չի կարող մարդկանց կոչ անել քվեարկել այս կամ այն թեկնածուի օգտին: Միակ բանը, որ մենք կարող ենք անել, ընտրություններում ամերիկացի թուրքերի ակտիվության հասնելն է, նշել է ԹԱԱՎ-ի նախագահը, ավելացնելով, որ այսօր Ամերիկայում ձայնի իրավունք ունեցող շատ քիչ թուրքեր կան: Այսպես թե այնպես, մենք ցանկանում ենք, որ ընտրվի Բուշը, քանզի նրա օրոք հայոց ցեղապանության ճանաչումն ավելի քիչ հավանական է, հայտարարել է ԹԱԱՎ-ի ղեկավարը: