Մայիսի 12-ին Հունաստանում Հայաստանի դեսպանության հովանավորությամբ և Աթենքի քաղաքապետարանի աջակցությամբ Աթենքի «Բենակի» թանգարանի սրահում տեղի ունեցավ հունահայ հանրաճանաչ կիթառահար Հակոբ Քոլանյանի բարեգործական մենահամերգը: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, համերգից ստացված ողջ հասույթը փոխանցվելու է Գյումրիում անցկացվող երիտասարդ երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» ամենամյա միջազգային մրցույթ- փառատոնին: Միջոցառմանը ներկա էին Հունաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, արվեստագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, հույն հանդիսատեսներ:
Համերգի առաջին մասում հնչեցին Բախի, Բարրիոսի, Ջուլիանիի ստեղծագործությունները, երկրորդ մասում Բրաուերի, Լաուրոյի գործերը, ինչպես նաև ներկայացվեցին հայկական ժողովրդական ստեղծագործությունների մշակումներ: