14 մայիսի 2012 - 17:53 AMT
ՀԴԿ-ն շնորհակալ է իրեն ձայն տված քաղաքացիներին

Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունն այսօր հայտարարություն է տարածել, որտեղ իր շնորհակալությունն է հայտնում այն քաղաքացիներին, որոնք իրենց ձայնը տվել են ՀԴԿ-ին: Հայտարարությունում ասվում է. «ՀԴԿ-ն, համարելով իր կատարած աշխատանքը ոչ բավարար, որոշակիորեն կվերանայի իր մոտեցումները և գործելակերպը` կուսակցության ծրագրային հիմնադրույթները իրականացնելու համար: Ցավով նշում ենք` ԱԺ 2012թ. ընտրությունները հաստատեցին այն կանխատեսումը, որ Հայաստանի հասարակության զգալի մասը ընտրություն է կատարում` անտեսելով կուսակցությունների կողմից ներկայացված ծրագրերն ու գաղափարները` չտարբերելով դրանց առանձնահատկությունները:

Ընտրություններն առանց ընտրախախտումների, ընտրակաշառքի, արդար ու ժողովրդավարական նորմերով անցկացնելու առատ խոստումները չիրականացան: Հատկապես, որոշ կուսակցությունների կողմից ընտրակաշառքի և իշխանական ռեսուրսի համատարած օգտագործումը նենգափոխեց քաղաքական-գաղափարական պայքարի իրական բնույթը: Ափսոսանք ենք հայտնում, որ մեր ժողովրդի մի զգալի մասը բաց թողեց համակարգը փոխելու, սոցիալական պատասխանատվության պետության ուղեգիծ դուրս գալու ընձեռված շատ կարևոր հնարավորություն: Միևնույն ժամանակ ահազանգում ենք` հասարակության մեջ վարակի ուժ ստացած երևույթը` ընտրությունները իբրև առք ու վաճառքի առարկա ընկալելը, օրհասական խնդիր է դարձել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության տեսանկյունից: Այն անտրամաբանական իրողությունը, որ աղքատության շեմին հասած մարդը մեկօրյա ապրուստը ապահովելու համար վերստին քվեարկում է իրեն հալածողին, առաջին հերթին պետք է խիստ մտահոգի իշխանություն ձևավորող ուժերին: Հակառակ պարագայում կգա ավելի ուժեղ ահաբեկող ու կաշառք տվող, և այդ ուժերը կառերեսվեն իրենց ստեղծած իրողության հետ»: