12 հունիսի 2004 - 19:33 AMT
1999 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԽԱՂԱՂ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՁԱԽՈՂԵԼ Է ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԸ, ՀԱՎԱՍՏԻԱՑՆՈՒՄ Է ԱՐԵՎՄՏՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ
ԱՄՆ-ն հավաստի տեղեկություններ ունի այն մասին, որ Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւն է հանդիսանում 1999 թվականին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաշտության համաձայնագրի ստորագրման ձախողման գլխավոր մեղավորը: Այդ մասին, գրում է Բաքվի «Զերկալո» թերթը` վկայակոչելով չափազանց տեղեկացված արեւմտյան դիվանագետներից մեկին: Աղբյուրի համաձայն, այն ժամանակ պատրաստ էր «հայամետ» համաձայնագիր, որի ստորագրմանը Հ.Ալիեւը, ԱՄՆ-ի պնդմամբ, ոչ միայն ստիպված էր համաձայնվել, այլ նաեւ մասամբ ստանձնել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին ռուսամետ կողմնորոշումից հրաժարվելու անհրաժեշտության մեջ համոզելու առաքելությունը` Ադրբեջանի հետ միասին ԱՄՆ հետաքրքրությունների ոլորտում ընդգրկվելու դիմաց: Այսինքն, Հայաստանը հնարավորություն էր ստանում մասնակցելու բոլոր տարածաշջանային նավթագազային նախագծերին: Ինչպես նշում է աղբյուրը, Ալիեւը կատարել էր իր խնդիրը: Միեւնույն ժամանակ, ամերիկացի դիվանագետի խոսքերով, պաշտոնական Բաքուն Կրեմլի համար կազմակերպեց «Ռոբերտ Քոչարյանի կողմից դավաճանության մասին» տեղեկատվության արտահոսք: Իսկ մնացածն արդեն ռուսական հատուկ ծառայությունների ձեռքի գործն էր, նշում է աղբյուրը` հիշեցնելով, որ հենց այդ ժամանակ տեղի ունեցավ հայտնի ահաբեկչությունը Հայաստանի խորհրդարանում: Դիվանագետը յուրովի է բացատրում Հեյդար Ալիեւի նման քայլերի դրդապատճառները: Նրա կարծիքով, ստորագրման պատրաստ համաձայնագիրը ոչ միայն չէր համապատասխանում Ադրբեջանի շահերին, այն նաեւ ձեռնտու չէր անձամբ Հ.Ալիեւին, որպես քաղաքական գործչի: Հաշտության համաձայնագրի ստորագրման դեպքում նա Ադրբեջանի պատմության մեջ կմնար որպես «Ղարաբաղը Հայաստանին զիջած» նախագահ, ինչն իհարկե չէր կարող թույլ տալ, -գրում է «Զերկալոն»: