14 հունիսի 2004 - 18:53 AMT
2004 ԹՎԱԿԱՆԻՆ ԱԿԱՆՆԵՐԻ ՊԱՅԹՅՈՒՆԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԶՈՀՎԵԼ Է 8 ՄԱՐԴ
Ընթացիկ տարվա 6 ամիսների ընթացքում ականների եւ չպայթած զինամթերքի պայթյունների հետեւանքով Լեռնային Ղարաբաղի տարածքում տուժել է 24 մարդ, որոնցից 8-ը զոհվել են: Ինչպես հաղորդել են Լեռնային Ղարաբաղում ականազերծմամբ զբաղվող բրիտանական «The HALO Trast» հումանիտար կազմակերպության Ստեփանակերտի գրասենյակում, այդ տվյալները շատ անգամ գերազանցում են անցյալ տարվա ցուցանիշները, որոնք ամբողջ 2003 թվականի համար կազմել են 21 հոգի, որոնցից 9 զոհվել են: Աղբյուրի համաձայն, միայն հունիսի սկզբից ականների պայթյունի հետեւանքով այստեղ տուժել է 4 հոգի: Առաջին դեպքը տեղի է ունեցել հունիսի 3-ին Քաշաթաղի շրջանի տարծքում, Մեղվաձոր գյուղի մոտ: Պատահարի զոհ են դարձել Արմեն Հակոբյանը (ծնված 1964 թ.) եւ Անդրանիկ Մոսիյանը (ծնված 1982թ.): Բույսեր հավաքելուց նրանք կանգնել են հակահետեւակային ականների վրա: Երկու պայթյունների արդյունքում նրանցից մեկը կորցրել է աջ ոտքը, անդամահատվել է մյուսի ձախ ոտքը: Երկրորդ դեպքը տեղի է ունեցել Մարտունու շրջանի Միրուշեն գյուղի մոտ: Հինգ համագյուղացիներ կցասայլով տրակտորի վրա գնացել են ցախ հավաքելու: Հետադարձ ճանապարհին, որն անցնում էր անտառով, տեղի է ունեցել հակատանկային ականի պայթյուն կցասայլի հետեւի ակի տակ, որի արդյունքում Արարատ Արուշանյանը (1964 թ. ծնված) եւ Դավիթ Ավագյանը (ծնված 1991 թ.) ստացել են մարմնական վնասվածքներ: