15 մայիսի 2012 - 16:26 AMT
Գեղարդ Մուսասին ցանկանում է մենամարտել UFC վարկածով չեմպիոն Ջոն Ջոնսի հետ

Կիսաթեթև քաշային կարգում Strikeforce վարկածով նախկին չեմպիոն հայ մարզիկ Գեղարդ Մուսասին (Հոլանդիա) MMAJunkie Radio-ին տված հարցազրույցում պատմել է, որ վերջերս տարել է ծնկի խաչաձև հանգույցի վիրահատություն, ինչպես նաև հայտնել, որ նոր պայմանագիր է կնքել Strikeforce-ի հետ:

Գեղարդի խոսքով, վիրահատությունը հաջող է անցել և շուտով նա պատրաստ կլինի մենամարտելու համար, պահանջվում է միայն որոշ ժամանակ վերականգնման համար: «Պայմանագրով ես մեկ պահեստային մարտ ունեի: Այդ ժամանակ ես հույս ունեի անցնել UFC, բայց ինձ նոր պայմանագիր առաջարկեցին: Ես ընդունել եմ այն և հիմա պետք է վեց մենամարտ անցկացնեմ Strikeforce հովանու տակ: Ղեկավարությունն ասել է, որ Strikeforce-ի բոլոր բռնցքամարտիկները մնում են Strikeforce-ում»,- Մուսասիի խոսքերը հաղորդում է allboxing.ru-ն:

Նա տարբեր ժամանակներ ունեցել է երեք կազմակերպությունների տիտղոսներ՝ Warriors, DREAM և Strikeforce: Մուսասիի խոսքով, ապագայում նա հույս ունի նաև ձեռք բերել UFC գոտին: Մուսասին հայտարարել է, որ նա պատրաստ է պայքարել UFC չեմպիոն Ջոն Ջոնսի հետ. «Ես չեմ վախենում ոչ մեկի հետ մարտից, որովհետև ինձ երբեք լուրջ վնաս չեն պատճառել ոչ մի մարտում, լինի դա MMA կանոններով, քիքբոքսինգի կամ բռնցքամարտի: Ես պարտվել եմ, բայց ինձ մարտում երբեք վնաս չեն պատճառել: Ես միշտ գիտեմ, որ միշտ ունեմ իմ շանսը: Ես գիտեմ, որ ես լավ հարված ունեմ, այսպիսով, ես երբեք չեմ կասկածում իմ հաղթանակի մեջ: Ես կցանկանայի մենամարտել Ջոն Ջոնսի հետ»: