15 մայիսի 2012 - 12:42 AMT
ՄԱԿ առաքելության ղեկավար Կոսովոյում. Իրավիճակը տարածաշրջանում բարելավվել է, սակայն կայուն չէ

Կոսովոյում ՄԱԿ առաքելության ղեկավար Ֆարիդ Զարիֆը հայտարարել է, որ իրավիճակը տարածաշրջանում բարելավվել է, թեև խնդիրներ դեռևս կան, առաջին հերթին անվտանգության ոլորտում: Ֆարիդ Զարիֆը երկուշաբթի հանդես է եկել ՄԱԿ ԱԽ անդամների առջև: Նա նշել է, որ հաջող ընտրությունները Սերբիայում և Կոսովոյում, ինչպես նաև ԵՄ հետ Սերբիայի հետագա մերձեցմանն ուղղված մի շարք քայլերը նպաստեցին լարվածության նվազմանը Կոսովոյում:

Միևնույն ժամանակ, ըստ Զարիֆի, իրավիճակը հեռու է կայունից՝ առաջին հերթին Կոսովոյի հյուսիսում, որտեղ բնակվում է սերբական փոքրամասնությունը: Սերբիայի ԱԳ նախարար Վուկ Երեմիչը հայտարարել է, որ Կոսովոյի սերբերը հետապնդումների են ենթարկվում: Իսկ Կոսովոյի նրա պաշտոնակիցը, հակառակը, հայտարարել է, թե Կոսովոյում ձգտում են քաղաքացիների իրավահավասարության: