15 մայիսի 2012 - 12:28 AMT
Թանգարանային գիշեր 2012. Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը շեշտը կդնի «Գայանե» բալետի վրա

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը Թանգարանային գիշեր 2012-ին շեշտը դնելու է մեծ կոմպոզիտորի «Գայանե» բալետի 70-ամյակի վրա: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին փոխանցեցին տուն-թանգարանից, թանգարանն, առհասարակ, 2012 թ-ը հայտարարել է «Գայանե» բալետի տարի:

«Գիշերը» թանգարանը կսկսի 18.00-ին, ավանդական դարձած «Հնչյուններ և գույներ» ծրագրով, որի ընթացքում երեխաները կստեղծագործեն «Գայանեի» հնչյունների ներքո, կբացվի «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի սաների` նույն թեմատիկայով ցուցահանդեսը: Պարի սիրահարներին թանգարանում «Բարեկամություն» պարի համույթի պարուսույցները կսովորեցնեն պարել բալետի հնչյունների տակ: Ավելի ուշ, ժամը 21.00-ից սկսած Արամ Խաչատրյանի անվան տրիոն և Գևորգ Աճեմյանի անվան ջութակահարների անսամբլը կներկայացնեն «Գայանե»-70 համերգը: Միջոցառումների շարքը կավարտվի տեսաֆիլմի դիտումով:

Թանգարանային գիշեր 2012-ն անցկացվելու է մայիսի 19-ին «Գիրը փոփոխվող աշխարհում» խորհագրով: Առաջին անգամ այն կազմակերպվել է 1997 թ-ի հունվարին` Բեռլինում: Ողջ աշխարհում այն տեղի է ունենում մայիսի 18-ի`Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ: Ակցիան սկիզբ է առել Փարիզում 2001 թ. և լայն տարածում է ստացել ողջ Եվրոպայում: Միջոցառման ընթացքում թանգարանների մուտքը ողջ գիշեր անվճար է: Այն հովանավորվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Թանգարանների միջազգային խորհրդի կողմից: