15 մայիսի 2012 - 14:18 AMT
Սամվել Կարապետյան. Սուրբ Նշանը ամբողջական փլուզման վտանգի տակ է

Թբիլիսիи Սուրբ Նշան Սուրբ Նիկողայոսի եկեղեցին ամբողջական փլուզման վտանգի տակ է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը, հավելելով, որ ամեն օր կարող ենք փլուզման մասին լուր ստանալ: «Փլուզվել է եկեղեցու նախասրահը, այլ ոչ թե զանգակատունը: Նախկինում այդ նախասրահն ունեցել է զանգակատուն, բայց այն արդեն վաղուց փլուզվել էր», -ասաց մասնագետը:

Բանախոսի փոխանցմամբ` Սուրբ Նշանն աղյուսաշեն կառույց է, իսկ այդպիսի կառույցները փլուզվելիս հողակույտի են վերածվում: Կարապետյանը եկեղեցին փրկելու և նոր զանգակատուն կառուցելու միայն մի լուծում է տեսնում: «Պետք է բոլորովին նոր աղյուսով զանգակատուն կառուցել: Անհրաժեշտ է այդ ամենը սկսել զրոյից, բայց միայն եկեղեցու վերանորոգումից հետո»,- իր խոսքում նշեց բանախոսը:

Կարապետյանը նաև նշեց, որ Վրաստանի իշխանություններն ուշադրություն չեն դարձնում եկեղեցու պահպանմանը, քանի որ որպես պատմական հուշարձան այն գրանցված չէ:

Պարզվում է, Սուրբ Նշանը եկեղեցի է ծառայել մինչև 1920-ականների վերջը, իսկ 1950-ից մինչև 90-ը ծառայել է որպես գրապահոց: Առաջին հրդեհը եկեղեցում բռնկվել է 2002-ին, որից հետո եկեղեցին հայտնվեց վատագույն վիճակում: Եկեղեցու պատերը պատված էին սվաղի շերտով, դրանց վրա կային նաև հայտնի որմնանկերներ, որոնք չեն պահպանվել: Հրդեհը մարելու համար օգտագործվել էր ջուր, ինչը և քայքայել էր պատերը: Հրդեհը կրկնվեց նաև 2012-ի հունվարի 3, այնուհետև` հունվարի 7-ին: Երկուսն էլ մարվեցին ջրով, ինչն էլ թողեց իր ազդեցությունը` եկեղեցին հայտնվեց վթարային վիճակում:

«Հունվարին մշակույթի նախարարության ներկայացուցիչները մեկնեցին Վրաստան և պայմանավորվածություն ձեռք բերեցին, համաձայն որի պետք է իրականացվեին մաքրման աշխատանքներ, որին կհաջորդեր վերականգնման ծրագիրը», - ասաց Կարապետյանը: