15 մայիսի 2012 - 16:32 AMT
«Երկիրն» ու «Կենտրոնը» պատասխանատվության են ենթարկվելու հավասար պայմաններ չապահովելու համար

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը մայիսի 18–ի նիստում քննարկելու է «Երկիր մեդիա» և «Կենտրոն» հեռուստաընկերություններին ընտրական օրենսգրի 19–րդ հոդվածի 3–րդ և 5–րդ կետերը խախտելու համար պատասխանատվություն ենթարկելու հարցը։ PanARMENIAN.Net-ի թղթակցին այս մասին հաղորդեցին Հեռուստատեսության և Ռադիոյի ազգային հանձնաժողովից։

Ընտրական օրենսգրքի 19–րդ հոդվածի 3–րդ և 5–րդ կետերը վերաբերվում են զանգվածային լրատվության միջոցներով իրականացվող նախընտրական քարոզչությանը, որտեղ նշվում է, որ հեռուստաընկերությունները պարտավոր են թեկնածուների, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար ապահովել ոչ խտրական պայմաններ և ներկայացվնել անկողմնակալ և գնահատականներից զերծ տեղեկատվություն:

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական ծրագրերի տնօրեն Գեղամ Մանուկայնը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում որևէ կերպ չմեկնաբանեց հեռուստաընկերությանը պատասխանատվության ենթարկելու հարցը`նշելով միայն, որ նիստին իրենք կներկայացնեն իրենց հակափաստարկները։

ՀՌԱՀ–ը «Կենտրոն» հեռուստաընկերությանը պատասխանատվության ենթարկելու հարցն արդեն երկրորդ անգամ է քննարկում։ Մայիսի 11–ին ՀՌԱՀ–ը տուգանեց հեռուստաընկերությանը 1 մլն դրամով` խորհրդարանական ընտրություններին նախորդող լռության օրը քարոզչություն իրականացնելու պատճառաբանությամբ։