15 մայիսի 2012 - 16:33 AMT
Հայկական աստղագիտական ընկերությունն իր կայքում աստղագիտական գրքերի էջ բացել է

Հայ գրատպության 500-ամյակի և Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք ճանաչելու կապակցությամբ աստղագետները նախատեսել են ստեղծել աստղագիտական բնույթի գրքերի տվյալների լիակատար բազա և այդ գրքերը մատչելի դարձնել հասարակության համար: Հայկական աստղագիտական ընկերությունից (ՀԱԸ) տեղեկացնում են, որ ընկերությունը համացանցային կայքում բացել է նոր էջ` «Աստղագիտական գրքեր» (http://aras.am/Books/books.html), որում ընդգրկված են հայ աստղագետների կողմից գրված կամ հայ աստղագիտությանը նվիրված բոլոր գրքերի և գրքույկների ցանկը՝ սկսած 1934 թվականից, թվով ընդամենը 164 անվանում: Նրանցից 36-ն ունեն գերհղումներ (hyperlinks) դեպի այդ գրքերի PDF ձևաչափի ֆայլերը, որոնք թույլ են տալիս դրանք ներբեռնել և ազատ օգտագործել: Գրքերի թվում են հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն և այլ լեզուներով հրատարակություններ՝ դասագրքեր, մենագրություններ, Վ.Հ. Համբարձումյանի աշխատությունների և Բյուրականում անցկացված գիտաժողովների նյութերի ժողովածուներ, կենսագրական և տեղեկատվական բնույթի գրքեր և գիտա-հանրամատչելի գրքույկներ: Ամենահաճախ հանդիպող հեղինակների թվում են Վ.Հ. Համաբրձումյանը, Լ.Վ. Միրզոյանը, Գ.Ա. Գուրզադյանը, Բ.Ե. Թումանյանը, Հ.Մ. Թովմասյանը և այլոք:

2012թ. ընթացքում ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանում և Գիտությունների ազգային ակադեմիայում կկազմակերպվեն աստղագիտական գրքերի ցուցահանդեսներ, ինչի մասին ՀԱԸ-ն կհայտնի ավելի ուշ: