15 մայիսի 2012 - 16:36 AMT
Կենտրոնի և Շենգավիթի որոշ փողոցների ջրամատակարարումը կբարելավվի

Երևանի Էրեբունի վարչական շրջանի Գլինկայի և Սևանի փողոցներով ձգվող ջրագծերը, որոնք ջուր են ստանում, համապատասխանաբար, «Մսի կոմբինատ» ՕԿՋ-ից և Գառնի-Երևան ջրատարից, տարիներ առաջ միացված են եղել` մի տարածքից մյուսը ջուր տեղափոխելու համար: «Երևան Ջուր» ՍՊԸ-ից հայտնում են, որ այնուհետև այդ անհրաժեշտությունը վերացել է, որի պատճառով և փորձ է արվել նշված միացումը ապամոնտաժել, սակայն ինչ-ինչ պատճառներով աշխատանքներն իրականացվել են մասամբ և խողովակները շարունակել են գործել հաղորդակից անոթների սկզբունքով:

Ներկայումս, երբ մայրաքաղաքում լայնածավալ աշխատանքներ են ընթանում ջրամատակարարման բարելավման նպատակով, տվյալ խնդրի լուծումը, ըստ ընկերության «Արևելք» շահագործման տնօրինության «Կենտրոն» տեղամասի գլխավոր ճարտարագետ Արթուր Զակեոսյանի, հրատապ է դարձել: Գլինկայի փողոցը, ներառյալ հարակից տարածքներն ընդգրկված է շուրջօրյա ջրամատակարարման գոտում, իսկ Սևանի փողոցն ու մերձակայքը ժամանակացույցով է սնուցվում: Բնականաբար, ջրի անկառավարելի արտահոսքը դեպի Սևանի փողոց բացասաբար է անդրադառնում Գլինկայի փողոցի ջրամատակարարման վրա: Իր հերթին, Սևանի փողոցում վերանորոգման աշխատանքներին խոչնդոտում է ջրի չդադարող ներհոսը Գլինկայի փողոցից: Ներկայումս ընթացող աշխատանքների շհորհիվ կլուծվեն նշված խնդիրները և կբարելավվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Ս.Զորավար, Սևան փողոցներ, Գ.Նժդեհի 33, 35 44, Արշակունյաց 39, 41, 43, 45, 47, 49 հասցեներ, Տիգրան Մեծ 40-76 հասցեներ ու նրբանցք, Բուռնազյան, Միչուրին, Բելինսկի, Սուվորով փողոցներ, Աճեմյան, Գլինկա փողոցներ ու նրբանցքներ, Արցախի 1-13 հասցեներ և հարակից տարածքներ: