15 մայիսի 2012 - 17:24 AMT
Արա Գրիգորյանը վերընտրվել է Հայկական կոնյակագործների միության նախագահի պաշտոնում

Մայիսի 14-ին Երևանի կոնյակի գործարանում տեղի ունեցավ Հայկական կոնյակագործների միության հերթական ժողովը: Ժողովի ընթացքում քննարկվեցին ոլորտին առնչվող մի շարք հարցեր, այդ թվում` ոլորտում գործող ընկերությունների գործունեությունը համակարգելուն ու «Հայկական կոնյակ» կատեգորիայի հեղինակությունը բարձրացնելուն միտված անելիքները, ասվում է գործարանի մամլո հաղորդագրության մեջ:

Ժողովի ընթացքում Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը միաձայն վերընտրվեց միության նախագահի պաշտոնում` ևս մեկ տարի ժամկետով:

Ըստ հաստատված օրակարգի` ժողովի մասնակիցները քննարկեցին միությանը այլ արտադրողների անդամակցելու հարցերը: Միաձայն որոշմամբ Միության լիիրավ անդամներ դարձան Հայ գինեգործների միությունը` ի դեմս կազմակերպության նախագահ Ավագ Հարությունյանի և Պռոշյանի կոնյակի գործարանը: