15 մայիսի 2012 - 18:45 AMT
«Չարբախ» կայարանից մինչև «Զվարթնոց» տանող երկաթուղին կկառուցվի առաջիկա երեք տարում

Երկաթուղին, որը թույլ կտա կարճ ժամանակում հասնել «Զվարթնոց» օդանավակայան, կկառուցվի առաջիկա երեք տարում: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հաղորդել է «ՀԿԵ» ՓԲԸ-ի գլխավոր ինժեներ Սերգեյ Հարությունյանը: «Այդ երկաթուղու շինարարության գլխավոր նպատակն է ավտոմայրուղիների թեթևացումը և «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիայից օգտվողներին տեղափոխության հստակ ժամանակացույցով ապահովելը»,- նշել է նա:

Նրա խոսքով, արդեն ընտրվել է ճանապարհ, որը սկսվում է «Չարբախ» կայարանից և տանում է «Զվարթնոց» օդանավակայան, իսկ նախագծի նախնական արժեքը կազմում է 2,7 մլն դոլար: «Կարծում եմ, որ նախագիծը կրում է երկարաժամկետ բնույթ և կավարտվի 2-3 տարվա ընթացքում»,- ասել է Սերգեյ Հարությունյանը:

Ինչ վերաբերվում է նախագծի մասնակիցներին, ապա, ինչպես հաղորդել է ՀԿԵ գլխավոր ինժեները, այդ հարցը գտնվում է քննարկման փուլում, այնուամենայնիվ, ՀԿԵ-ն շահագրգռված է նրանում:

Մայիսի 4-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում ստորագրվել է Մտադրությունների հուշագիր` «Դեպի «Զվարթնոց»միջազգային օդանավակայան երկաթուղային գծի կառուցման մտադրության մասին»: Հուշագիրը ստորագրել են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը` ի դեմս նախարար Մանուկ Վարդանյան,«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ն` ի դեմս ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի և «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն` ի դեմս ընկերության գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեի:

նախագծվող երկաթուղու երկարությունը կազմում է 7800 մետր, որից նոր կառուցվող հատվածը՝ 5350 մետր է: Նախատեսվում է նաև 810 մետր երկարությամբ երկաթուղային թունելի կառուցում: Նախագծի իրականացումը հնարավորություն կտա «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ուղևորատար տերմինալը երկաթուղային գծով միացնել մետրոպոլիտենի «Չարբախ» կայարանին, իսկ բեռնային տերմինալը՝ «ՀԿԵ» ՓԲԸ-ի «Կարմիր բլուր» կայարանի հետ:

Հուշագիրը ստորագրվել է` հիմք ընդունելով ՀՀ կառավարության կողմից հաստատված` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի, հարակից տարածքում միջազգային լոգիստիկ կենտրոնի և ազատ տնտեսական գոտու մոտեցման տրանսպորտային ենթակառուցվածքների ռազմավարական ծրագիրը: Դեպի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների աճող ծավալներն ապահովելու նպատակով` Կողմերը հայտնել են իրենց մտադրությունը հիշյալ երկաթուղային գծի հնարավորինս սեղմ ժամկետներում կառուցման մասին, պետություն-մասնավոր համագործակցության շրջանակներում:

Հուշագրով Կողմերը պայմանավորվել են նշանակել պատասխանատու պաշտոնատար անձանց, որոնք եռամսյա ժամկետում համատեղ առաջարկություններ կմշակեն նախագծի իրականացման համար: