15 մայիսի 2012 - 18:30 AMT
Քաղաքապետարան. Աբովյան փողոցի կրպակներից ազատված տարածքում սրճարան չի կառուցվի

Աբովյան փողոցի կրպակներից ազատված տարածքում սրճարանի կամ որևէ այլ «օբյեկտի» կառուցում չի նախատեսվում: Այս մասին PanARMENIAN-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ վարչության պետ Արթուր Գևորգյանն` անդրադառնալով «Մեր քաղաքը» և «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության վերջին հայտարարությանը, որտեղ նշվում էր, որ Աբովյան փողոցում «կարծես թե նախապատրաստվում են նոր սրճարանի կառուցմանը»:

«Սալիկապատում ենք ճեմուղու համար նախատեսված հատվածը: Շինարարական աշխատանքները կատարվում են համաձայն նախատեսված ծրագրի: Որևէ սրճարանի կառուցում չի նախտեսվում: Մենք հայտարարել ենք, որ վերադարձնում ենք այդ տարածքը քաղաքացիներին, թող քաղաքացիական նախաձեռնությունները դա հասկանան վերջապես», - վրդովված ասաց Գևորգյանը:

Անդրադառնալով հայտարարության այն հատվածին, որտեղ խոսք է գնում կրպակներից ազատված տարածքը կրկին սալահատակով և ավազով պատելուն, Գևորգյանն ասաց, որ դա արվում է ըստ եղած նախագծի, որով փողոցի որոշ հատվածները սալիկապատվելու են, որոշներն էլ` կանաչապատվելու: