15 մայիսի 2012 - 19:35 AMT
Արցախի ԱԺ-ում այսօր քննարկվել են ժողովուրդների ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության մասին սկզբունքները

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի մեծ դահիլճում այսօր տեղի է ունեցել հանդիպում ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի հետ։

Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդում են Արցախի Հանրապետության ԱԺ մամուլի ծառայությունից` միջոցառմանը մասնակցում էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պատգամավորներ և աշխատակազմի անդամներ, ինչպես նաև ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության պատասխանատու աշխատակիցներ՝ նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանի գլխավորությամբ։

Հանդիպմանը բարձրաստիճան դիվանագետը հանդես է եկել «Ժողովուրդների ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքների հարաբերակցությունը» թեմայով բանախոսությամբ, որի ընթացքում, հիմք ընդունելով ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար դրույթները, պարզաբանել է նշված սկզբունքների էությունն ու նշանակությունը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման համատեքստում. «Իրենց հարաբերակցության մեջ այդ երկու, ըստ էության, կարևոր սկզբունքներն իրականում չեն հակասում միմյանց, ինչպես դա սովորաբար փորձում են ներկայացնել, քանզի դրանցից յուրաքանչյուրն ինքնին առանձին և, բնականաբար, մեկմեկուց տարբեր իրավաքաղաքական կացություն է ենթադրում»:

Նրա պարզաբանմամբ` այդ սկզբունքներից առաջինը, ամրագրված լինելով որպես միջազգային հանրակցության հիմնարար նպատակ, սահմանում է ազգերի ինքնորոշման իրավունքը, իսկ երկրորդը, գործելով միայն միջպետական հարաբերությունների տիրույթում, ներկայանում է իբրև այդ հարաբերությունների կարգավորման միջոց, որի պարագայում անթույլատրելի է համարվում պետության տարածքային ամբողջականության խախտումը։