
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մայիսի 15-ին տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որին մասնակցում էին նաև հայաստանյան թեմերի առաջնորդները և Մայր Աթոռի եպիսկոպոսները:
Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից` ժողովին անդրադարձ է կատարվել օրերս Վրաստանում երկրաշարժի և ջրհեղեղի հետևանքով տեղի ունեցած դեպքերին:
Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը ժողովականներին տեղեկություններ է փոխանցել Սուրբ Նշան եկեղեցու վթարային վիճակի և այդ ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին:
Այդ առնչությամբ թեմակալ առաջնորդին հանձնարարական է տրվել Վրաց պատկան մարմինների հետ աշխատանքները շարունակելու` արագացնելու համար Ս. Նշան եկեղեցու ամրակայման ու վերանորոգման, ինչպես նաև Շամխորեցոց Կարմիր Ավետարան և Մուղնեցոց Սուրբ Գևորգ փլուզված եկեղեցիների վերականգնման գործընթացը:
Գերագույն հոգևոր խորհուրդը նաև հույս է հայտնել, որ Վրաց իշխանությունները` ընդառաջ կատարված դիմումներին, կվերականգնեն Վիրահայոց թեմի իրավունքը հայոց պատմական սրբավայրերի նկատմամբ, ինչը հնարավորություն կտա թեմին և բարեպաշտ հայորդիներին պատշաճ խնամք ցուցաբերելու դրանց նկատմամբ և զերծ պահելու փլուզումներից:
Ժողովին քննարկվել են նաև թեմերի գործունեությանն առնչվող մի շարք խնդիրներ` կապված եկեղեցապատկան կալվածքների հետ: