16 մայիսի 2012 - 13:32 AMT
Դավիթ Ջամալյան. Արցախի պաշտպանության բանակն ունի ոչ միայն ռազմավարական, այլ նաև բարոյական առավելություն

Այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսում ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն ամփոփեց ղարաբաղյան հակամարտության 18-ամյա հրադադարի արդյունքները: Նա նշեց, որ այս պահի դրությամբ Ղարաբաղի պաշտպանության բանակը այնպիսի դիրք է զբաղեցնում, որн ռազմավարական առավելություն է տալիս: Ղարաբաղյան և ադրբեջանական ուժերի շփման գիծը շատ մոտ է գտնվում հակառակորդի ռազմավարական օբյեկտներին, ինչը մտավախություն է առաջացնում Ադրբեջանի մոտ և հանդիսանում զսպող գործոններից մեկը: Հենց հակահարձակման ու ռազմական գործողությունները հակառակորդի տարածք տեղափոխելու սցենարն է դիտարկվում Ղարաբաղում զորավարժությունների ժամանալ, ասել է փորձագետը: Ղարաբաղի հյուսիսում ու հարավում ադրբեջանցիները ստիպված կլինեն մի կողմից լեռներ հաղթահարել, մյուս կողմից Արաքսը, ինչը բարդացնում է մարդկային ռեսուրսը որպես առավելություն օգտագործելը, ասել է Ջամալյանը: Ինչ վերաբերում է արևելյան՝ դաշտային մասին, ապա հրադադարի ընթացքում կառուցվել է խորը էշելոնապատ պաշտպանական գիծ, որը թույլ կտա ոչ միայն ետ մղել թշնամու հարձակումը, այլ նաև հակահարձակման անցնել՝ հասնելով մինչև Կուր գետը և բաժանելով Արաքսը երկու մասի, ասել է նա: Եվս մեկ գործընթաց, որ տեղի է ունեցել այս 18 տարվա ընթացքում, դա այդ դիրքերի մշտական փոփոխությունն է չեզոք գոտու հաշվին: Արցախի պաշտպանության բանակն այս հարցում զգալի հաջողության է հասել չեզոք գոտու հաշվին, ասել է Ջամալյանը: Ըստ նրա, շփման գծի ողջ երկայնքով Արցախի բանակը շարունակում է ամրացնել իր դիրքերը մինչ թշնամու դիրքերի հանդեպ լիակատար առավելության ձեքռ բերումը, ինչը թույլ կտա ոչ միայն առավելություն ունենալ պատերազմի դեպքում, այլ նաև նվազագույնի կհասցնի դիվերսիաների ու դիպուկահարների կրակի հավանականությունը:

Ջամալյանը նշել է նաև բարեփոխումների փաստը Արցախի բանակում, ինչպես նաև երիտասարդ և համարձակ հրամանատարների առկայությունը, որոնք դեռ պատանի լինելով պատերազմել են Ղարաբաղում, ասել է Ջամալայնը: Նման սպայակազմը կարևորագույն դերակատարություն ունի բանակի ոգու ու մարտունակության հարցում, ասել է փորձագետը: