16 մայիսի 2012 - 17:20 AMT
Երևանի պետական համալսարանը դարձավ 93 տարեկան

Այսօր` մայիսի 16–ին, նշվում է Երևանի պետական համալսարանի հիմնադրման 93 ամյակը։ Այս առթիվ համալսարանում կազմակեպրված տոնական միջոցառման ընթացքում պարգևատրվեցին ԵՊՀ լավագույն ուսանողները, ինչպես նաև կայացավ տոնական համերգ` ԵՊՀ մշակույթի կենտրոնի անդամների մասնակցությամբ: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը շնորհավորեց ուսանողներին, շրջանավարտներին և համալսարանի աշխատակիցներին բուհի ծննդյան օրվա առթիվ:

«Ուզում եմ, որ համալսարանը լինի հավերժ: Հիմնադիրները, ովքեր առաջինները մտան համալսարանի շենք, դժվար թե պատկերացնեին, որ այսօր Մայր բուհն այսպիսի գովելի տեսք կունենա: Համալսարանը միայն բուհ չէ, այն նախ և առաջ մշակութային կրթօջախ է: Ի վերջո, ԵՊՀ-ն հոգի է», - ասաց Սիմոնյանը:

1919-ի մայիսի 16-ին ՀՀ նախարարների խորհուրդն ընդունեց Երևանում համալսարան հիմնելու վերաբերյալ որոշումը: Արդեն 1920-ի հունվարի 31-ին Ալեքսանդրապոլի (այժմ` Գյումրի) առևտրային դպրոցի շենքում մեծ շուքով կատարվեց Հայաստանի համալսարանի բացման հանդիսավոր արարողությունը:

Համալսարանի բացմանը մասնակցում էին ինչպես հանրապետության ղեկավարները, այնպես էլ բազմաթիվ հյուրեր արտասահմանից: Համալսարանում դասերի մեկնարկը տրվեց նշանավոր հայագետ Ստեփան Մալխասյանցի` 1920-ի փետրվարի մեկին կարդացած դասախոսությամբ: Առաջին ուսումնական տարում համալսարանն արդեն ուներ մեկ` պատմալեզվաբանական ֆակուլտետ, 262 ուսանող և 32 դասախոս:

Այս տարիների ընթացքում Մայր բուհը տվել է մոտ 100 հազար շրջանավարտ: Ներկայումս համալսարանն ունի 19 ֆակուլտետ, ավելի քան 100 ամբիոններ, որոնք համալրված են նորագույն տեխնիկայով և սարքավորումներով: