17 հունիսի 2004 - 22:55 AMT
ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՇԱՐԺՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՎԱՐՏՎԱԾ Է
Ընդդիմադիր շարժման առաջին փուլը Հայաստանում ավարտված է, ազդարարեցին երեկ Երեւանում հայաստանյան ընդդիմության ղեկավարները իրենց հերթական հանրահավաքում: Ինչպես իր ելույթում հանրահավաքի բազմահազար մասնակիցների առաջ հայտարարել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Ալբերտ Բազեյանը, «Արդարություն» դաշինքին եւ նրա հիմնական դաշնակից «Ազգային միաբանություն» կուսակցությանը ժամանակ է պետք քաղաքական պայքարի նոր ձեւերի շուրջ մտածելու համար: Դրանից բացի գործող իշխանությունների դեմ ուղղված բողոքի ցույցերի ժամանակավորապես դադարեցնելու որոշումը ընդդիմության առաջնորդները բացատրում են Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող բանակցություններով եւ ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցի առաջիկա քննարկմամբ: Ընդ որում «Արդարություն» դաշինքի ղեկավար, Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը իր ելույթում կրկին հավաստիացրել է, որ ընդդիմությունն ունի սկսած գործընթացը «տրամաբանական ավարտին հասցնելու» հաստատակամությունը: Նշենք, որ երեկվա հանրահավաքը, ի տարբերություն նախորդների, արտոնված էր Երեւանի քաղաքապետարանի կողմից, սակայն, հավաքվածների քանակը մոտավորապես նույնն էր, ինչ նախորդ հանրահավաքների ժամանակ: