17 մայիսի 2012 - 09:44 AMT
«Հայկական Ժամանակ». Վարդան Ղուկասյանը կապ չունի իր դստեր փեսացուի սպանության հետ

«Հայկական Ժամանակ»-ը գրում է, որ կա երեք տեսագրություն, որտեղ երևում է, թե ինչպես է ապրիլի 12-ին սպանված գյումրեցի, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու Կարեն Եսայանի սպանության համար մեղադրվող Հարություն Սարգսյանը դեպքի օրը մոտենում և նստում Կարեն Եսայանի մեքենան, և մի քանի րոպե անց մեքենան շարժվում: «Այս մասին երեկ մեզ հայտնեց Կարենի մայրը` Անահիտ Իսկանդարյանը, նշելով, որ տեսագրություններն արված են ավտոլվացման կետի, «Առէկսիմբանկի» և «Դղյակ» համալիրի տեսախցիկներից: Նա անդրադարձավ մեր երեկվա նյութին, որը վերաբերում էր Եսայանների ընտանիքում կասկածելի մահերին: «Մահվան այդ դեպքերն իրար հետ ոչ մի կապ չունեն, ու պետք չէ կասկածելի բաներ փնտրել»,- ասաց նա և ավելացրեց, որ ինքը կասկած անգամ չունի, որ իր որդուն սպանողը արդեն կալանավորված Հարություն Սարգսյանն է: «Խանդի հող ստեղ հաստատ չկա, կոնկրետ չգիտեմ, թե ինչ կա, մենակ գիտեմ, որ մեծ պատվով տղա եմ կորցրել: Ու Վարդան Ղուկասյանն էլ տղայիս սպանության հետ ոչ մի կապ չունի: Հիմա իրա վիճակը գիտե՞ք: Ինքը մեռած ա, թաղած չի: Ինքը աղջիկ էր տվել իմ տղուն»,-ասաց սպանված Կարեն Եսայանի մայրը»,- գրում է թերթը: