19 հունիսի 2004 - 19:18 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ՀԵՐՔԵԼ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔՆՆԱՐՈԿՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ
Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան պաշտոնյաները հերքել են լուրերն այն մասին, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մաննը Երեւան կատարած իր վերջին այցի ընթացքում (հունիսի 3-ին) Հայաստանի նախագահի հետ ոչ պատշոնապես քննարկել է Ադրբեջանին, որպես բարի կամքի դրսեւորում, Ղարաբաղի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող երեք շրջանների հանձնման հարցը: Մասնավորապես «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցներում այդ լուրերը հերքել են Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի Ազգային Ժողովի նախագահ Օլեգ Եսայանը: «Չեմ կարծում, որ այդպիսի քննարկումներ ընդհանրապես եղել են», - հայտարարել է Օ.Եսայանը` ավելացնելով, որ «եթե Ղարաբաղը անլուրջ է համարել հինգ շրջանների վերադարձը` Երեւան-Բաքու երկաթուղու բացման դիմաց, ապա միամտություն կլիներ կարծելը, թե կհամաձայնվի երեքի վերադարձին»: