17 մայիսի 2012 - 14:16 AMT
Գյուղնախարարությունը 23 400 տոննա պարարտանյութ և 8700 տոննա դիզելային վառելիք է բաժանել

Գյուղատնտեսության նախարարությունը 2012 թվականի ընթացքում բուսաբուծության ոլորտում երեք ծրագիր է իրագործելու։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց գյուղատնտեսության նախարարության բուսաբանության, անտառային տնտեսության և բույսերի պաշտպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատր Գևորգ Հարությունյանը։

Նա նաև նշեց, որ 2010-2014 թվականների ծրագրերի մեջ ընդգրկված են սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման, դիզելային վառելիքի մատչելի և պարարտանյութի մատչելի գներով մատակարարման ծրագրերը։

«Տնտեսվարողներին տրամարդվել է 1100 տոննա էլիտային վերարտադրության սերմացու, որը ներկրվել է Ռուսաստանի Դաշնությունից։ Տրամադրված սերմացուի դիմաց տնտեսվարողներին պարտադրվել է մեկին երկու հարաբերակցությամբ հետ վերադարձնել սերմացուները, որոնք հետագայում կտրամադրվեն ավելի փոքր տարածք ունեցող տնտեսվարողների»,–ասաց գյուղնախարարության պաշտոնյան։

Հարությունյանը նաև նշեց, որ դիզելային վառելիքի և պարարտանյութի գների սուբսիդավորում է կատարվել. «Պարարտանյութի համար տրամադրվել է սուբսիդիա 2000 դրամ մեկ պարկի դիմաց և ներկորղը պարտավորվել է վաճառել այն 6000 դրամով մեկ պարկի դիմաց գործող 8000 դրամի փոխարեն»,–ասաց նա` հավելելով, որ դիզելային վառելիքի մեկ լիտրի դիմաց սուբսիդավորվել է 90 դրամ, որը հետագայում կվաճառվի 350 դրամով։ Հարությունյանը տեղեկացրեց, որ բաշխվել է 23 400 տոննա պարարտանյութ և 8700 տոննա դիզելային վառելիք։