17 մայիսի 2012 - 15:07 AMT
ԱՕԿՍ-ի շենքի քանդված հատվածը վերականգնելու համար բանակցությունները շարունակվում են

ԱՕԿՍ-ի շենքի քանդված հատվածի պահպանության համար ստեղծված նախաձեռնության ներկայացուցիչներն այժմ բանակցությունների մեջ են մշակույթի նախարարության հետ: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Փրկենք հուշարձանները» նախաձեռնության անդամ Նարեկ Աշուղաթոյանը. «Այս պահին քննարկվում է պայմանագրի ձև, որով կստեղծվի այլընտրանքային երաշխիք, որպեսզի շինարարության ընթացքում վերականգնվի շենքի ապամոնտաժված հատվածը»:

Նախաձեռնության անդամը նշեց նաև, որ իրենք բանակցություններում հանդես են գալիս որպես շահագրգիռ կողմ, իսկ մշակույթի նախարարությունը` որպես պատասխանատու, իսկ կառուցապատողի հետ անմիջական բանակցություններ չկան:

Նա նաև ասաց, որ արդեն կա պայմանագրի մշակված տարբերակը, որը պետք է ուղարկվի մշակույթի նախարարություն. «Եթե կողմերից մեկը հրաժարվի պայմանագիրը կնքել, ապա մենք հանդես կգանք հայտարարությամբ»:

Մայիսի 7-ին մի շարք քաղաքացիական նախաձեռնություններ Facebook սոցիալական ցանցում ահազանգել էին ԱՕԿՍ-ի շենքի ետնամասի քանդման մասին:

Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի և համագործակցության հայկական ընկերության շենքն ընդգրկված է Երևան քաղաքի պատմության և մշակութային անշարժ հուշարձանների պետական ցուցակում և ունի հանրապետական նշանակություն։

ԱՕԿՍ-ի շենքը կառուցվել է դեռևս խորհրդային ժամանակաշրջանից առաջ: 1910 թ. Աֆրիկյանը և մի շարք այլ բարերարներ այն կառուցել էին ջրծաղիկի համաճարակից տառապող հիվանդներին այստեղ բուժելու նպատակով: 1950-ական թվերի սկզբին նախկին հիվանդանոցի շենքի ետնամասում ավելացվել է մի նոր հատված, որն էլ քանդվել է։