17 մայիսի 2012 - 15:34 AMT
Լիտվացի ռեժիսորը Հայաստանում և Արցախում ֆիլմ է նկարահանում խաչքարերի մասին

Լիտվացի նկարիչ, օպերատոր եւ ռեժիսոր Ավիդաս Բարիսասն Արցախի, Հայաստանի եւ Լիտվայի խաչքարերի (լիտվական խաչքարերը, ի տարբերություն հայկականի, փայտից են) մասին փաստավավերագրական ֆիլմ է նկարահանում:

«Արցախում ամեն ինչ հետաքրքիր է` ամեն մի լեռը, գետն ու ծառը: Այստեղ այնքան պատմամշակութային արժեքներ կան, որոնք անհնար է մեկ այցելության ժամանակ հասցնել նկարել: Ֆիլմի պատրաստման համար մոտ մեկ տարի կաշխատենք, և այդ ընթացքում մի քանի անգամ արդեն ավելի մեծ նկարահանող խմբով կայցելենք Հայաստան ու Արցախ: Ֆիլմում խաչքարերի ցուցադրությունը կուղեկցվի ազգային հին երգերով ու երաժշտությամբ»,-ասաց Ա.Բարիսասը:

Արդյունքում կլինի մեկ ֆիլմի երեք տարբերակ. առաջինը`մեկուկես ժամանոց, երկրորդը` մոտ 45 րոպեանոց` նախատեսված փառատոների համար եւ երրորդը` 15 րոպեանոց՝ որպես գովազդային տարբերակ:

Ռեժիսորը պատրաստվում է ֆիլմը ներկայացնել միանգամից երեք փառատոների` Լիտվայի փաստավավերագրական ֆիլմերի, հայաստանյան «Ոսկե ծիրան» եւ Բեռլինի կինոփառատոներին:

Ֆիլմի նկարահանման գաղափարը Լիտվայում ապրող հայազգի Վահան եւ Օլգա Արզումանյաններինն է: Ի դեպ նշենք, որ Օ.Արզումանյանը հայտնի դաշնակահար է եւ պատանի երաժիշտների դասական երաժշտության «Տնջրե» միջազգաին փառատոնի կազմակերպիչը:

Խաչքարերի մասին ֆիլմից բացի Լիտվայում Ա.Բարիսասը Գեորգի անունով մի հայի մասին խաղարկային -վավերագրական ֆիլմ է նկարահանում:

«Գեորգին խորհրդային տարիներին ծառայել է Լիտվայում եւ այդպես էլ հիմնավորվել այնտեղ: Ես նրա հետ պատահական եմ ծանոթացել ու իմ այցեքարտը տվել: Որոշ ժամանակ անց նա ինձ զանգել է եւ խնդրել օգնել աչքերի վիրահատության հարցում: Ես նկարահանել եմ վիրահատության ողջ գործընթացը (նման պրակտիկա ունեմ), եւ հենց այդտեղ էլ ծնվել է նրա մասին ֆիլմ նկարելու գաղափարը: Ֆիլմը կոչվում է «Աչք, կառք եւ օդապարուկ», որն ավարտին հասցնելուն պես կմասնակցի Լիտվայի եւ Հայաստանի «Ոսկե ծիրան» կինոփառատոններին»,-karabakh-open.info-ի հետ զրույցում նշել է ռեժիսորը: