18 մայիսի 2012 - 10:13 AMT
«Հրապարակ». Նախարարական պորտֆելների պահանջարկն օրըստօրե աճում է

Թերթը գրում է, որ նոր ձևավորվելիք կառավարությունում որքան հնարավոր է շատ հաստիքներ ունենալու և հատկապես նախարարական պորտֆելների օրըստօրե աճող պահանջարկը բավարարելու համար իշխանությունը որոշել է նոր նախարարություններ ձևավորել: «Ըստ արդեն հաստատվող լուրերի` նախ կտարանջարտվեն Պետեկամուտների կոմիտեն կազմող երկու կառույցները` մաքսայինն ու հարկայինը: Ի դեպ, նման տրոհումներ և կրկին միավորումներ հավանաբար արդեն չորս-հինգ անգամ եղել են մեր կարճատև պատմության ընթացքում»: Թերթի տեղեկություններով` հավանական գերատեսչությունների ղեկավարները լինելու են` հարկային գծով, ներկայիս ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը, իսկ մաքսայինի գծով` Վերահսկիչ պալատի պետի տեղակալ Լևոն Յոլյանը: «Բացի այս, մի նոր կառույց էլ կձևավորվի` ներքին գործերի նախարարության տեսքով: Սա ժամանակին լուծարվեց` որպես խորհրդային երկրին բնորոշ համակարգ: Քանի որ ամբողջ աշխարհում այդ գործառույթներն իրականացնում է ոստիկանությունը: Կարելի էր ենթադրել, որ գոնե ոստիկանությունը կլուծարվի` իր տեղը զիջելով ՆԳ նախարարությանը, սակայն ըստ լուրերի, կգործեն և ՆԳՆ-ն, և ոստիկանությունը: Սա նշանակում է, որ պետական առանց այն էլ խիստ ուռճացված ապարատն ավելի կուռճանա և որպես ծանր բեռ կնստի հարկատուների ուսերին»,- գրում է թերթը: