18 մայիսի 2012 - 12:28 AMT
Մարինե Հարոյան. Հայաստանում սվիններով է ընդունվում թանգարաններին հարկային արտոնություններ տալու առաջարկը

Հայաստանում սվիններով է ընդունվում թանգարաններին հարկային արտոնություններ տրամադրելու գաղափարը: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեի նախագահ Մարինե Հարոյանը: Նրա խոսքով, նա ՀՀ կառավարությանն էլ է ներկայացրել նման առաջարկ, ՀՀ ազգային ժողովում է բարձրացվել այդ հարցը, սակայն այն չի ընդունվել:

Հարոյանը պատմեց, որ ամբողջ աշխարհում թանգարաններն ունեն հովանավորներ, կան հատուկ օրենքներ նվիրատվության վերաբերյալ, իսկ Հայաստանում չկա նույնիսկ Թանգարանների մասին օրենք:

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը հավելեց, որ բացի թանգարանների տարաբնույթ խնդիրներից, քաղաքներում ցանկալի է լինեն գովազդային վահանակներ, որտեղ կնշեն թանգարանների վայրերը:

Արդեն 35 տարի է, ինչ մայիսի 18-ին աշխարհում նշվում է Թանգարանների միջազգային օրը: Այս տարի այն անցնելու է «Թանգարանները փոփոխվող աշխարհում» խորհագրով: Հաշվի առնելով, որ Երևանը հռչակվել է գրքի համաշխահային մայրաքաղաք, մայիսի 19-ին Թանգարանային գիշերն անցնում է «Գիրը փոփոխվող աշխարհում» կարգախոսով:

«Հայաստան» հիմնադրամի աջակցությամբ համակարգչային տեխնիկա կտրամադրվի Հայաստանի 10 թանգարաններին: Անցած տարի տրամադրվել է 19 համակարգիչ: