Գալուստ Սահակյանն առաջընթաց է ակնկալում կոալիցիայի հարցում մինչ ԱԺ առաջին նստաշրջանի մեկնարկը

Գալուստ Սահակյանն առաջընթաց է ակնկալում կոալիցիայի հարցում մինչ ԱԺ առաջին նստաշրջանի մեկնարկը

PanARMENIAN.Net - Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահի տեղակալ Գալուստ Սահակյանը հայտնել է, որ չի համարում, թե «Բարգավաճ Հայաստանը» (ԲՀԿ) ուշացնում է կոալիցիայի ստեղծման մասին ՀՀԿ-ի առաջարկին պատասխանելու հարցում: Նրա խոսքով` ՀՀԿ-ն դեռևս նախքան ընտրությունները հայտարարել էր իր քաղաքական կողմնորոշումների մասին կոալիցիայի ստեղծման հարցում: «ՀՀԿ-ն իր դիրքորոշումը հայտնել է, շուտով իր դիրքորոշումը կհրապարակի նաև «Բարգավաճ Հայաստանը»… Կարծում եմ` նախքան խորհրդարանի առաջին նստաշրջանը ինչ-որ առաջընթաց կլինի»,- հավելել է նա:

Ընդ որում ՀՀԿ փոխնախագահը նկատել է, որ ցանկացած քաղաքական ուժ լինում է կամ իշխանամետ, կամ ընդդիմադիր, «միջին չի լինում»: Նա հայտնել է նաև, որ պետական շահերը միշտ պետք է ավելի բարձր դասվեն կուսակցական կամ անձնական շահերից:

Սահակյանն ընդգծել է, որ կոալիցիայի ստեղծման առնչությամբ գաղտնի քննարկումներ չկան, և կոալիցիայի ստեղծման մասին բոլոր պայմանավորվածություններն ու համաձայնությունները հրապարակային են լինելու: ՀՀԿ փոխնախագահը նաև կոչ է արել ԶԼՄ-ներին այդպես ակնդետ չհետևել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի յուրաքանչյուր այցելությանը նախագահի նստավայր` հիշեցնելով, որ Ծառուկյանը Ազգային անվտանգության խորհրդի անդամ է:

Սահակյանը հայտնել է նաև, որ ՀՀԿ-ն պատրաստ է խորհրդակցություններ և լսումներ անցկացնել բոլոր քաղաքական, այդ թվում և արտախորհրդարանական ուժերի հետ, «և հանրությունը պետք է տեղեկացված լինի դրանց արդյունքների մասին»:

Մայիսի 6-ին Հայաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ: Համաձայն բոլոր 1982 ընտրատեղամասերի քվեաթերթիկների մշակման արդյունքում ստացած տվյալների` կուսակցություններն ու բլոկը դասավորվել են հետևյալ կարգով.

Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 663 066 (44,05 %)

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 454 684 (30,20 %)

Ժառանգություն»` 87 095 (5,79 %)

Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) ` 106 910 (7,10 %)

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)` 86 296 (5,73 %), «Օրինաց երկիր» կուսակցություն (ՕԵԿ)` 82 690 (5,49 %)

Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն (ՀԴԿ)` 5 633 (0,37 %)

Հայաստանի Կոմունիստական կուսակցություն` 15 933 (1,06 %)

«Միավորված հայեր» կուսակցություն` 3 080 (0,20 %):

ՀՀԿ-ն ընտրությունների արդյունքում 131 տեղ ունեցող Ազգային ժողովում ստացել է տեղերի բացարձակ մեծամասնությունը` 69 տեղ (40 համամասնական և 29 մեծամասնական քվեարկության արդյունքում): «Բարգավաճ Հայաստանը» ստացել է 37 տեղ (28 համամասնական և 9 մեծամասնական), ՀԱԿ-ը` 7 տեղ: Դաշնակցությունն ու «Օրինաց երկիրը»` 6-ական (5-ական համամասնական և 1-ական մեծամասնական), իսկ «Ժառանգությունը»` 5:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---