Աշոտյան. Ոչ մի ուսուցիչ աշխատանքը չի կորցնի

Աշոտյան.  Ոչ մի ուսուցիչ աշխատանքը չի կորցնի

PanARMENIAN.Net - Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպել է Ապարանի ֆիզմաթ դպրոցի մանկավարժների հետ: Դպրոցի կոլեկտիվը մտահոգություն ուներ ՀՀ կառավարության 2012 թվականի մարտի 1-ի N 231-N որոշման 3-րդ կետի հետ կապված: Կառավարության հիշյալ որոշման համաձայն` Արագածոտնի մարզպետարանի «Ապարանի ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպվել է և միացել ՀՀ ԿԳՆ «Ապարանի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին: Այս մասին հաղորդում են նախարարության մամուլի ծառայությունից

Ներկայացնելով կառավարության որոշումը` նախարար Աշոտյանը նշել է, որ ֆիզմաթ դպրոցում աշխատող որևէ ուսուցիչ կրթական համակարգից դուրս չի մնալու. «Ոչ մի ուսուցիչ աշխատանք չի կորցնելու, դա ես ձեզ խոստանում եմ: Բոլոր ուսուցիչներն իրենց մանկավարժական աշխատանքը կշարունակեն Ապարան քաղաքի այլ դպրոցներում»,- հավաստիացրել է Արմեն Աշոտյանը:

Ներկայացնելով կառավարության որոշումը` նախարարն ընդգծել է, որ հաշվի առնելով աշակերտների քանակը, երկու ավագ դպրոցների գործունեությունը Ապարան քաղաքում արդյունավետ չէր ինչպես կրթության կառավարման, այնպես էլ կրթության որակի ու պայմանների ապահովման տեսանկյունից: Ապարան քաղաքում գործում է 2 հիմնական և 2 ավագ դպրոց: Ֆիզմաթ դպրոցն ունի 115, իսկ ավագ դպրոցը՝ 276 աշակերտ: Բացի այդ ավագ դպրոցի շենքային և տեխնիկական տվյալները առավել բարենպաստ են: 350 աշակերտի համար նախատեսված ավագ դպրոցն ունի ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության նոր ժամանակակից լաբորատորիաներ, համակարգչային դասարաններ, էլեկտրոնային գրադարան, այսինքն՝ ժամանակակից կրթություն ապահովելու համար կարևոր և անհրաժեշտ պայմաններ: Նախարարը նշել է նաև, որ հաշվի առնելով Ապարան քաղաքում ֆիզիկամաթեմատիկական կրթության լավ ավանդույթները, տվյալ ավագ դպրոցում նման հոսք կձևավորվի և հատուկ դպրոցի սաներն իրենց ուսումը կշարունակեն ավագ դպրոցի այդ հոսքում: Նախարարը հավաստիացրել է, որ «Ապարանի ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի շենքը կօգտագործվի կրթական նպատակներով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---