Դիլիջանն ու ռումինական Ռոման քաղաքը քույր-քաղաքներ են դարձել

Դիլիջանն ու ռումինական Ռոման քաղաքը քույր-քաղաքներ են դարձել

PanARMENIAN.Net - Մայիսի 17-ին Ռումինիայի Ռոման քաղաքի քաղաքապետ Լաուրենցիու Դան Լեորեանուն և Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանն ստորագրեցին երկու քաղաքների միջև համագործակցության համաձայնագիր, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ստորագրման հանդիսավոր արարողությանը ներկա էր Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը: Այս համաձայնագրով առաջին անգամ պաշտոնապես եղբայրական կապ է հաստատվում Ռումինիայի և Հայաստանի քաղաքների միջև:

Համաձայնագիրը նախատեսում է համագործակցություն մշակույթի, գիտության, գեղարվեստի և սպորտի բնագավառներում, զբոսաշրջության զարգացման ծրագրերի կազմում,երկու քաղաքների բնակչության միջև տարաբնույթ կապերի հաստատում, համատեղ միջոցառումների կազմակերպում, երիտասարդության շրջանում համագործակցության ծրագրերի իրականացում և փոխշահավետ տնտեսական հարաբերությունների զարգացում:

Քաղաքների եղբայրացման մասին պայմանավորվածությունը կայացել էր անցյալ տարվա հոկտեմբերի վերջին, երբ Ռումինիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ ռումինական Պիտեշտ, Ռոման, Ֆոկշան, Գեռլա, Դումբրավեն և Ֆրումոասա քաղաքների քաղաքապետներն այցելել էին Հայաստան և ծանոթացել Գյումրի, Իջևան, Դիլիջան, Բերդ, Նոյեմբերյան և Այրում քաղաքներին:

Քաղաքապետներ Լեորենաուն և Սանթրոսյանը, ինչպես նաև դեսպան Գասպարյանը Քաղաքային այգում Մանկական քաղաքի բացման արարողությանը հայտարարեցին, թե հայկական հազարամյա ներկայությունից հետո երկու ժողովուրդների միջև այժմ բարեկամության և համագործակցության նոր էջ է բացվում:

Նեամց նահանգի վարչական կենտրոն, 60 հազար բնակիչ ունեցող Ռոմանը Ռումինիայի պատմական հայտնի քաղաքներից է, ընկած Արևելքի և Արևմուտքի միջև առևտրական ճանապարհների վրա, ուր միջնադարից բնակություն են հաստատել հայերը: Քաղաքում դեռևս կանգուն են 1609թ. հիմնված Սբ. Աստվածածին հայկական եկեղեցին` ճարտարապետական գեղեցիկ կազմվածքով, ներքին հարուստ հարդարանքով և հայկական հազվագյուտ սրբապատկերներով, եկեղեցուն հարակից նախկին հայկական դպրոցը: Ռոմանն ունի հիմնականում մտավորական խավից կազմված փոքր հայ համայնք:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---