«Սարդարապատ» շարժումը կոչ է անում զգուշավոր լինել սեռական փոքրամասնությունների հարցում

PanARMENIAN.Net - «Սարդարապատ» շարժումը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է.

«Մենք պետք է սթափ կերպով գիտակցենք, որ նույնիսկ կայացած իրավական համակարգեր ունեցող, զարգացած ու ժողովրդավարական համարվող երկրներում սեռական փոքրամասնություններին առնչվող հարցերի համալիրը դեռևս ավարտուն իրավական կարգավորման ենթարկված չէ, ուստի ժողովրդավարության և քաղաքացիականության ոլորտներում առաջին քայլերն անող մեր հանրության փխրուն միջավայրում դրանց հրահրումը անթույլատրելի է, իսկ անշրջահայաց քննարկումը կսադրի բախման ու խզման կեղծ առանցքի ձևավորում, ինչը ջլատելով ու քայքայելով հանրությանը, ավելի խոցելի կդարձնի նրա առանձին անհատներին ու խմբերին:

Մենք պետք է նաև գիտակցենք, որ վարչախմբի թեթև ձեռքով այսրոպեական խնդիրներ լուծելու նպատակով ասպարեզ նետված այս քննարկումը հղի է նաև ազգային անվտանգության սպառնալիքներով. դրա շահարկմամբ փորձ է արվում մեր համազգային շահերի հաշվին հընթացս օգուտներ քաղել հայ-թուրքական թնջուկի հարցում:

«Սարդարապատ» շարժումը հանրությանը կոչ է անում չենթարկվել վարչախմբի սադրանքին, չընկնել մի կողմից բիրտ անհանդուրժողականության և անթույլատրելի բռնության և մյուս կողմից` սեռական սանձարձակության ու մարտնչող ապազգայնության միջև մեզ հրամցվող այս յուրօրինակ կեղծ ընտրության երկվության մեջ, չշեղվել քաղաքական օրակարգի հիմնական` այլընտրանքային ճանապարհով պետականության նորոգման հարցից, այլ տեր կանգնել իր հաղթանակին և զարգացնելով այն` համերաշխության ու միասնական պայքարի միջոցով ստեղծել փոխադարձ հանդուրժողականության ու միմյանց շահերի արդարացի հավասարկշռման վրա հիմնված պետություն և հասարակություն, որտեղ չեն խախտվի մարդկանց իրավունքները, չի լինի հանրային բարոյականության ոտնահարում կամ խտրականություն ու բռնություն»։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---