19 մայիսի 2012 - 10:50 AMT
Իլյա Գերոլ. Ղարաբաղյան խնդրի լուծումն ուժեղ Հայաստան կառուցելն է

Ղարաբաղյան խնդրի լուծումը ուժեղ Հայաստան կառուցելն է, նման կարծիք է հայտնել կանադացի լրագրող, պրոֆեսոր, MIG International Consulting միջազգային ընկերության նախագահ Իլյա Գերոլը Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում՝ մայիսի 18-ին հանդիպելով ուսանողների հետ: «Այս հակամարտությունում չկան որոշիչ դաշնակիցներ,-ասել է Գերոլը:-Հակամարտության լուծումը ուժեղ Հայաստանի կառուցումն է, տնտեսապես ուժեղ, որտեղ նպատակաուղղված կաշխատի սփյուռքը: Սփյուռքը պետք է կարևոր դերակատարություն ունենա Հայաստանում ներդրումային ենթակառուցվածքների ստեղծման գործում»:

Գերոլը կոչ է արել տեղի չտալ միֆերին: «Պետք չէ տեղի տալ այն առասպելին, թե Ադրբեջանը հարստացել է, հսկայական բանակ է զինել ռուսական ու իսրայելական զենքով, իսկ Հայաստանը հոգնել է երկար պատերազմից, մեկուսացումից, և վիճակը աղետալի կլինի: Չեն լինի աղետներ, -ասել է լրագրողը,-քանի որ մարդիկ մեծ ու զենքով լցված Ադրբեջանում չեն կարող պատերազմել և չունեն այն գաղափարը հանուն որի պետք է պատերազմեն»:

Այն պատճառների թվում, թե ինչու Ադրբեջանը չի գնա պատերազմի, Գերոլը նշել է ադրբեջանական հասարակության բևեռացումն ու այնսպիսի լուրջ հակառակորդի առկայությունը, ինչպիսին Իրանն է:

Ըստ Գերոլի, ղարաբաղյան հարցում իրավացի են եկու կողմերն էլ՝ մեկը՝ պատմականորեն, մյուսը՝ ձևականորեն, և այս հարցում փոխզիջումը պակասում է: «Այս հակամարտությունը դեռ երկար նույն տեղում կմնա, սակայն կարող է վերածվել անկանխատեսելի բախման անկանխատեսելի ուժերի մասնակցությամբ»: